Հոգեբուժության մեջ շատ կարեւոր է ճիշտ ախտորոշել խանգարման կոնկրետ տեսակը, որովհետեւ տարբեր խանգարումների բուժման մոտեցումները կարող են տարբեր լինել: Մասնավորապես, դեպրեսիայի էպիզոդի ընթացքում երկբեւեռ խանգարումը  շատ հեշտ է շփոթել մաքուր դեպրեսիայի հետ, սակայն այդ վիճակների բուժման հոգեթերապեւտիկ մոտեցումները  բավականին տարբեր են: Եթե երկբեւեռ խանգարումը բուժենք որպես դեպրեսիա, հիվանդի վիճակը կարող է վատանալ մինչեւ ինքնասպանություն գործելու աստիճան: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է «ԻՆՏՐԱ» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Հենց այդ պատճառով, «Ալֆա-Բետտա» ախտորոշման կենտրոնի հոգեբուժական ծառայության ղեկավար Անահիտ Գեւորգյանի խոսքով, կարեւոր է դիմել գրագետ մասնագետների եւ ժամանակին:  

«Մեր հայ իրականության մեջ դա շատ այժմեական է, որովհետեւ խուսափելով հոգեբանին եւ հոգեբույժին դիմելուց, մարդիկ որպես կանոն գերադասում են դիմել նյարդաբաններին, որոնք չեն կարող դեպրեսիայի մի տեսակը մյուսից տարբերել: Նյարդաբանները լայնորեն հակադեպրեսանտներ են օգտագործում, սակայն որոշ ախտորոշումների դեպքում դրանք ընդհակառակը վատացնում են վիճակը», - նշել է նա: 

Ինչպես պարզաբանել է Խաչատուր Գասպարյանը, երկբեւեռ աֆեկտիվ խանգարումը   (նախկին անվանումը` մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ), բնութագրվում է երկու իրար հաջորդող էպիզոդներով` մանիայով կամ հիպերմանիայով եւ դեպրեսիայով: Խանգարման այդ տեսակի կլինիկա-հոգեբուժական ախտորոշման համար անհրաժեշտ է առնվազն երկու նման էպիզոդի առկայությունը: 

«Մանիակալ էպիզոդները հաճախ անսպասելի են սկսվում եւ կարող են  2-4 շաբաթից մինչեւ մի քանի ամիս տեւել: Մանիակալ էպիզոդի ժամանակ դիտարկվում են պահվածքային այնպիսի դրսեւորումներ, որոնք բնորոշ չեն տվյալ մարդուն: Օրինակ` մարդը կարող է սկսել մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել, մոլի խաղացող դառնալ եւ շատ փող ծախսել, տարվել թմրանյութով», - պարզաբանել է Խաչատուր Գասպարյանը: 

Դեպրեսիայի էպիզոդը, նրա խոսքով, կարող է ավելի երկար տեւել` մինչեւ մեկ տարի:   «Սթրեսը կարող է խթանել այս կամ այն էպիզոդը, իսկ նոր էպիզոդը կարող է սկսվել ցանկացած տարիքում, նույնիսկ վաղ մանկության կամ խորը ծերության: Եվ մանիակալ, եւ դեպրեսիվ էպիզոդների ընթացքում հնարավոր են փսիխոզի դրսեւորումներ կամ զառանցանքային վիճակներ, եւ նման դեպքերում հոգեբույժի օգնության կարիք կա», - ասել է նա:

Խաչատուր Գասպարյանի խոսքով, երկբեւեռ խանգարման ընթացքում շատ հաճախ առաջին էպիզոդն առանց հստակ դրսեւորումների է ընթանում: Հիվանդի մտերիմները որոշակի փոփոխություններ են նկատում, սակայն ուշադրություն չեն դարձնում, որովհետեւ դրանք պաթոլոգիական բնույթ չեն կրում, եւ չեն դիմում մասնագետին, որովհետեւ առաջին էպիզոդը գաղտնի է անցնում: Իսկ երբ սկսվում է երկրորդ` ավելի արտահայտված էպիզոդը եւ նրանք արդեն բժշկի են դիմում, այդ դեպքում շատ հեշտ է սխալվելը:  

Ինչպես պարզաբանել է Անահիտ Գեւորգյանը, երկբեւեռ խանգարման դեղամիջոցային բուժումը տարբերվում է շիզոֆրենիայի բուժումից:  Հիվանդության ռեմիսիայի շրջաններում նման հիվանդները հոգեմետ դեղամիջոցներով բուժման կարիք չեն ունենում, նրանց այլ դեղամիջոցներ են նշանակում, որոնք մեղմում են տրամադրության տատանումները: Նա նշել է, որ  «Ալֆա-Բետտա» կենտրոնը «ԻՆՏՐԱ»-ի հետ համագործակցությամբ մատուցում է հոգեկան խանգարումների, այդ թվում նաեւ` երկբեւեռ խանգարման բուժման ծառայությունների ամբողջ սպեկտրը, ներառյալ դեղամիջոցային բուժում եւ հոգեսոցիալական ադապտացիա: 

Խաչատուր Գասպարյանը տեղեկացրել է, որ «ԻՆՏՐԱ» կենտրոնում նման հիվանդների համար առկա է ցերեկային ստացիոնար, որտեղ նրանք հոգեսոցիալական աջակցություն են ստանում: «Եթե երկբեւեռ խանգարմամբ տառապող մարդկանց ինտեգրացիա տեղի չի ունենում, շատ հաճախ դեպրեսիվ էպիզոդը փակվում է, ավարտվում է նրանով, որ հիվանդները մեկուսանում են, կորցնում են սոցիալական նշանակությունը», - ասել է նա: 

Անահիտ Գեւորգյանի խոսքով, ժամանակակից հոգեբանության մեջ արդեն ընդունված է որոշ խանգարումներ ոչ թե որպես դատավճիռ դիտարկել, այլ կենսակերպ: Գրագետ մոտեցման դեպքում նման հիվանդները սոցիալական ադապտացիա են անցնում, կյանքում եւ հասարակությունում գտնում են իրենց տեղը եւ հասարակությունը հանգիստ գոյակցում է նրանց հետ, չնայած նրանց տարօրինակությանը:

Կարդացեք այդ թեմայով նաեւ.

Հայաստանում հոգեկան խանգարումների բուժման կատարելապես նոր մեթոդներ են կիրառվում

Մասնագետներ. հոգեկան հիվանդների նկատմամբ խտրականությունն անթույլատրելի է

Ինչպե՞ս տարբերել հոգեկան խնդիրները. մասնագետների խորհուրդները

Հայաստանում հոգեբուժական ծառայությունը բարեփոխումների կարիք ունի. «Ալֆա Բետտա» կլինիկայի տնօրեն

«Ալֆա Բետտա» ախտորոշման կենտրոնը առաջարկում է հոգեկան խնդիրների բուժում՝ ստացիոնարից դուրս