• Latest news

Ինչպե՞ս տարբերել հոգեկան խնդիրները. մասնագետների խորհուրդները

19 սեպտեմբերի, 2015  18:25

Ինչպե՞ս հասկանալ ու գլխավորը ընդունել, որ ընտանիքում ինչ- որ մեկը հոգեկան խնդիրներ ունի: Ինչպե՞ս պետք է այդ դեպքում իրեն պահի ընտանիքը, եւ ով պետք է օգնի նրան: Այս եւ շատ այլ հարցերի շուրջ է NEWS.am Medicine-ի թղթակցի զրույցը «Ալֆա-Բետտա» ախտորոշման կենտրոնի հոգեբուժական ծառայության ղեկավար Անաիդա Գեւորգյանի ու «ԻՆՏՐԱ» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ:

Ի՞նչը պետք է անհանգստացնի ընտանիքին

Մինչեւ բժշկի հասնելը առաջին ֆիլտրի դերում ընտանիքն է: Եվ շատ կարեւոր է իմանալ, թե ընտանիքի անդամները երբ պետք է անհանգստանան:

Առաջինն, ինչին պետք է ուշադրություն դարձնել՝ մարդու հիմնական ֆիզիոլոգիական սովորություններում՝ սնվելու, քնելու, լողանալու ռեժիմում կատարվող փոփոխություններն են: Երկրորդը զգացմունքային փոփոխություներն են, ավելորդ ճնշվածությունը կամ էլ հակառակը՝ չափազանց ակտիվ, մեկուսացած, փակ լինելը: Երրորդ կարեւոր հանգամանքն է շփումը: «Մարդը կարող է շարունակել շփվել ընտանիքի հետ, բայց սահմանափակել իր շփումներն արտաքին աշխարհի հետ, եւ այդ հանգամանքի վրա նույնպես պետք է ուշադրություն դարձնել»,- ասում է նա:

Պետք է ուշադրություն դարձնել նաեւ այդ մարդուն ոչ բնորոշ արձագանքներին, զգացմունքային պոռթկումներին, կպչուն մտքերին, անտրամաբանական գործողություններին ՝ օրինակ անսովոր ծիսակարգեր կատարելուն: «Եթե վարքագծային փոփոխությունները խիստ նկատելի են, ուրեմն դա արդեն իսկ պետք է տագնապի ազդանշան դառնա ամբողջ ընտանիքի համար »,- ասում է նա՝ հավելելով, որ որոշակի փոփոխություններ կարող են պայմանավորված լինել տարիքային ճգնաժամերով, սակայն մասնագետի խորհուրդն ամեն դեպքում ավելորդ չի լինի:

Եթե ընտանիքում հոգեկան հիվանդ կա

Ընտանիքը, Խաչատուր Գասպարյանի խոսքով, մի ամբողջական համակարգ է, ու եթե այնտեղ ինչ- որ բան այն չէ, ապա խախտվում է ամբողջ համակարգը: Հոգեկան խանգարումների դեպքում իրավիճակը կրկնակի դժվար է, քանի որ հոգեկան հիվանդների խնամքը չի սահմանափակվում ընդամենը սխեմայով դեղորայք տալով. նրանք կարող ен վարքագծային խանգարումներ ունենալ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում: Եթե սոմատիկ խանգարումների դեպքում ( խոսքը ծանր վիճակների մասին չէ ) մարդը կարող է պարզապես դեղ խմել ու շարունակել իր սովորական կյանքը, ապա հոգեկան խանգարումների դեպքում խնդիրն ավելի սուր է: Ընդ որում ընտանիքը կարող է շատ մեծ դեր կատարել՝ թե դրական, թե բացասական: Կան ընտանիքներ, որոնք մեծապես աջակցում են հիվանդության հաղթահարմանը, իսկ կան ընտանիքներ, որտեղ հակառակը՝ խնդիրն ավելի է սրվում՝ միակողմանի ու խտրական մոտեցման պատճառով»,- ասում է նա: Ընտանիքները կարելի է բաժանել երեք տեսակների ՝ դրական, աջակցող, չեզոք ու շատ բացասական ընտանիքներ, որի անդամները պատրաստ չեն ընդունել հոգեկան հիվանդին այնպիսին, ինչպիսին նա կա:

«Օրինակ Մեծ Բրիտանիայում նոր մոտեցում է կիրառվում ՝ «ընտանիքը որպես հիվանդ»: Այսինքն եթե ընտանիքում որեւէ մեկը վարքագծային խնդիրներ ունի, ամբողջ ընտանիքին են սկսում դիտարկել որպես հիվանդի: Քինգսթոնում կա հյուրանոցի նման հատուկ կլինիկա, որտեղ ամբողջ ընտանիքը տեղափոխվում է ապրելու ու այնտեղ նրանց հետ տարբեր մասնագետներ են աշխատում: Այնտեղ հիվանդները սնունդ են պատրաստում, մաքրություն անում, եւ այլն: Երեկոյան համատեղ միջոցառումներ են անցկացնում: Մասնագետները աշխատում են, որպեսզի ամբողջ ընտանիքը ռեաբիլիտացվի, այլ ոչ թե միայն հոգեկան հիվանդը: Իսկ մեր երկրում վերցնում են միայն հիվանդին, մեկուսացնում, իսկ հետո՝ երբ նա վերադառնում է ընտանիք, ռեաբիլիտացիայի հետ խնդիրներ են սկսվում: Մեզ մոտ ՝ «ԻՆՏՐԱ»-ում դեղորայք ստանալուց հետո հիվանդների համար նախատեսված է նաեւ հոգեսոցիալական ռեաբիլիտացիայի կուրս: Վերջերս նրանք նույնիսկ ամբողջ խմբով գնացել էին «Ժիզել» բալետի պրեմիերային, պատմում է Խաչատուր Գասպարյանը:

Սոցիալական աշխատող հասկացությունը

Հիվանդանոցից դուրս առաջարկվող ծառայությունները ենթադրում են սոցիալական աշխատողի առկայություն: Սոցիալական աշխատողը մի մարդ է, ով օգնում է հիվանդին իրականացնել սոցիալական գործառույթներ, նա ասես կամուրջի դեր է կատարում հիվանդի ու սոցիումի միջեւ: Նա այցելում է հիվանդի ընտանիքը, ուսումնասիրում ռեսուրսները, վիճակը: նույնիսկ կարող է հիվանդին թատրոն կամ կինո տանել: «Սոցիալական աշխատողը փաստորեն պետք է հետեւի, որ հիվանդը օգտվի իր քաղաքացիական բոլոր իրավունքներից, որպեսզի մարդը չկորցնի իր սոցիալական դերը ընտանիքում, հասարակությունում ու գործընկերների շրջանում»,- ասում է Անաիդա Գեւորգյանը:

Սա նոր պրակտիկա է, բայց այն մեծ հաջողությամբ է կիրառվում «Ալֆա- Բետտա» եւ «ԻՆՏՐԱ» կենտրոնների համատեղ օգնությամբ: Բուժման կուրս եւ ռեաբիլիտացիա անցնելուց հետո «Ալֆա Բետտայի» ու «ԻՆՏՐԱ»-ի հիվանդներին հարցթերթիկներ են բաժանում: Հարցման մասնակիցների 80 տոկոսը գոհ են մնում արդյունքներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել