• Latest news

Մասնագետներ. հոգեկան հիվանդների նկատմամբ խտրականությունն անթույլատրելի է

21 սեպտեմբերի, 2015  20:45

Հայ հասարակության համար բնորոշ է մեկ օրինաչափություն` մարդիկ խուսափում են դիմել հոգեբույժի, դրա փոխարեն դիմում են նյարդաբանի կամ էլ լավագույն դեպքում ` հոգեբանի: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են «Ալֆա – Բետտա» ախտորոշման կենտրոնի հոգեբուժական ծառայության ղեկավար Անաիդա Գեւորգյանը ու «ԻՆՏՐԱ» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Խաչատուր Գասպարյանի խոսքով, խնդիրը թաքցնելու ցանկության պատճառներից մեկը հասարակության բացասական վերաբերմունքն է: Եվ այստեղ պետք է առանձնացնել հասարակության մի քանի շերտերի դերակատարումը: Առաջին շերտը հենց հիվանդն է, իրավիճակի մասին նրա գնահատականը: «Եթե նա ծանր վիճակում է, ունակ չէ ինքնաքննադատության, ապա հասկանալի է, որ մեղավորն ամբողջ աշխարհն է»: Երկրորդ շերտը ընտանիքն է ` թե ինչպես է նա վերաբերվում տվյալ խնդրին: Շատ կարեւոր շերտ են կազմում հոգեկան առողջության ոլորտում քաղաքականության պատասխանատուները: Ոչ պակաս կարեւոր շերտ է մեդիա դաշտը: Օրինակ ֆիլմերում կամ գրքերում երբեմն ստեղծվում է հոգեբանի կամ հոգեբույժի գրոտեսկային , խեղաթյուրված կերպար, ինչը կարող է սխալ մեկնաբանվել հասարակության անդամների կողմից: «Հոգեկան առողջության մասին նաեւ կայուն առասպելներ կան, օրինակ, որ հոգեմետ դեղորայքը վնասակար է, այն չի կարելի օգտագործել, կամ որ հոգեկան հիվանդներն անբուժելի են: Նման առասպելները նույնպես բացասաբար են ազդում մարդկանց վրա»,- ասել է նա:

«Կան բազմաթիվ հոգեկան վիճակներ, ես չեմ ասում հիվանդություններ, որոնք ճիշտ եւ գրագետ մոտեցման դեպքում շատ լավ ենթարկվում են բուժման , եւ մարդիկ դուրս են գալիս այդ վիճակից ու վերադառնում իրենց սովորական կյանքին: Նրանք նույնիսկ չեն էլ կտրվում իրենց սովորական կյանքից: Այսօր «Ալֆա – Բետտա» ու «ԻՆՏՐԱ» կենտրոններում կիրառվող նոր մոտեցման հիմքում այն է, որ մարդը չի կտրվում իր սովորական սոցիալական միջավայրից»,- հավելել է Անաիդա Գեւորգյանը:

Ի՞նչպես խուսափել հոգեկան հիվանդների նկատմամբ խարանավորումից եւ խտրական վերաբերմունքից

Խաչատուր Գասպարյանի կարծիքով վերաբերմունքը առաջին հերթին պետք է փոխել օրենսդրական մակարդակում: Մասնավորապես Հայաստանում գործում է օրենք «Հոգեբուժության մասին» այլ ոչ թե «Հոգեկան առողջության մասին»: Իսկ զարգացած երկրներում վաղուց են հասկացել, որ հոգեկան առողջությունը չի կարող հիմնված լինել միայն հոգեբուժության վրա: Եվ իհարկե, եւ մենք արդեն խոսել ենք այդ մասին, պետք է զարգացնել արտահիվանդանոցային ծառայությունները: Այդ ճանապարհը եւ արդյունավետ է, եւ ավելի էժան:

«Հոգեբուժության մեջ շատ կարեւոր է, որ հիվանդների նկատմամբ խտրականություն չլինի: Այսօր դա այն հիմնական չոփորոշիչն է, որին շատ մեծ ուշադրություն են դարձնում հասարակական կազմակերպությունները ու պետական կառույցները: Այն երկրներում, որտեղ խտրականություն կա, հոգեբուժությունը կառուցողական չէ: Դրա համար էլ հոգեբուժարան հասկացություն պարզապես չպետք է լինի: Մարդիկ պետք է բուժօգնություն ստանան այն բուժհաստատություններում, որտեղ նման բաժանում չկա: Ժամանակակից հոգեդեղագործությունը ու հոգեբուժությունը հնարավորություն են տալիս մի քանի օրում մարդուն դուրս բերել հոգեկան սուր վիճակից, եւ այդ բուժումը կարելի է կազմակերպել սովորական ստացիոնարում: Դա կարող է լինել ուրգենտային հոգեբուժական բաժանմունք ` պսիխոռեանիմացիա, ուր կտեղափոխեն սուր վիճակով հիվանդներին: Դրանից հետո բուժումը պետք է կազմակերպվի ստացիոնարից դուրս»,- ասել է Անաիդա Գեւորգյանը:

Բարդ չէ հաշվարկել, որ 300 մահճակալ ունեցող հոգեբուժարան պահելը պետության համար շատ ավելի թանկ է եւ նվազ արդյունավետ, քան Անաիդա Գեւորգյանի ու Խաչատուր Գասպարյանի առաջարկած նոր մոդելը: «Այդ գումարը կարելի էր տրամադրել արտահիվանդանոցային հոգեբուժության զարգացմանը, ավելի ժամանակակից ու թանկարժեք դեղամիջոցներ ձեռք բերելուն: Նման բուժումը շատ ավելի արդյունավետ կլիներ»,- նշել է Խաչատուր Գասպարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել