ԱՄՆ-ում չեղարկել են արյան դոնորության արգելքը նույնասեռական ու երկսեռական տղամարդկանց համար: Այս մասին հայտնում է ամերիկյան Food and Drugs Administration (FDA) գործակալությունը:

Այս արգելքը գործել է 32 տարի ու պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նույնասեռականների շրջանում շատ բարձր է ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով վարակված լինելու հավանականությունը: Առայսօր ԱՄՆ-ում այս վարակների նոր դեպքերի մոտավորապես կեսը բաժին է ընկնում տղամարդ գեյերին: Սակայն վերջին տարվա ընթացքում թե բժիշկները, թե գեյ ակտիվիստները հաճախ էին ասում, որ դոնորական արյան ստուգման այսօրվա հնարավորությունների պայմաններում այդ արգելքն արդեն անիմաստ է, չէ՞ որ եթե դոնորական արյունը վարակված լինի, ապա դա կպարզվի հասարակ անալիզի միջոցով:

Հիմա դոնորությունը կթույլատրվի միայն այն գեյերին ու երկսեռականներին, ովքեր իրենց սեռի ներկայացուցչի հետ առնվազն 12 ամիս սեռական հարաբերություններ չեն ունեցել Գործակալությունը վկայակոչում է Ավստրալիայի նույնատիպ փորձը, որտեղ գիտնականները 12 ամսյա ժամկետը բավարար են համարել:

Բացի դրանից գործակալությունը հայտնել է դոնորական արյան անալիզի նոր համակարգի մեկնարկի մասին: Իշխանությունները հույս ունեն, որ դա կօգնի որոշել դոնորության նկատմամբ ապագա քաղաքականությունը: