Մագնիումի մեծ պարունակություն ունեցող սննդամթերքի (օրինակ` սեւ շոկոլադի) օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման վտանգը: Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ-ի Indiana University Bloomington-ի գիտնականները:

Ամերիկյան ուռուցքաբանական ընկերության տվյալների համաձայն, ենթաստամոքսային գեղձի  քաղցկեղը ԱՄՆ-ում ուռուցքային հիվանդությունների դեպքերի մոտ   3 տոկոսն է կազմում եւ քաղցկեղից մահացության դեպքերի մոտ 7 տոկոսը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առկայության դեպքում հինգ տարի ապրելը ծայրաստիճան հազվադեպ է պատահում, որովհետեւ այդ քաղցկեղի զարգացման կանխարգելումն ու ռիսկի գործոնների ի հայտ բերումը հանրային առողջապահության կարեւորագույն խնդիրներից մեկն է: 

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մագնիումի օգտագործումը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման ռիսկը` հիվանդություն, որը կապում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման հետ: Նոր հետազոտության մեջ գիտնականները որոշել են վերլուծել , թե  մագնիումով հարուստ սննթամթերքի օգտագործումն ինչպես է ազդում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա 50–76 տարեկան ավելի քան 66 000 տղամարդու եւ կնոջ մոտ: Հետազոտության ընթացքում մասնակիցներից  151-ի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է զարգացել:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրվա ընթացքում մագնիումի օգտագործման 100 մգ նվազումը 24 տոկոսով բարձրացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:  Այնպիսի գործոններ, ինչպիսին տարիքն է, մարմնի զանգվածի ինդեքսը, հակաբորբոքային դեղամիջոցների ընդունումը եւս հաշվի են առնվել հետազոտության արդյունքների վերլուծության մեջ:  

Սեւ շոկոլադից բացի, մագնիումով է հարուստ նաեւ մուգ կանաչեղենը եւ ընկույզը:  Հետազոտության արդյունքները հրապարակվել են «British Journal Of Cancer»-ում: