Կարտոֆիլը վնասակար է ոչ միայն գոտկատեղի համար: Պարզվում է՝ այն մարդկանց շրջանում, որոնք ամեն օր կարտոֆիլ են ուտում, 2-րդ տեսակի շաքարախտի առաջացման վտանգը 33 տոկոսով ավելի շատ է, քան նրանց մոտ, ովքեր շաբաթական կարտոֆիլի ընդամենը մեկ չափաբաժին են ուտում կամ առհասարակ այն չեն օգտագործում: Այս մասին հայտնել են Ճապոնիայի Center for Cancer and Cardiovascular Disease Prevention կենտրոնի գիտնականները:
Մասնագետների խոսքով, շաբաթական նույնիսկ 2-4 չափաբաժին կարտոֆիլը 7 տոկոսով բարձրացնում է շաքարախտի հավանականությունը: Ամենավնասակարը, ինչպես եւ կարելի էր ակնկալել, կարտոֆիլ ֆրին է, իսկ ահա խորոված, եփած կարտոֆիլի եւ կարտոֆիլի խյուսի վնասակարությունն ավելի քիչ է:
Բժիշկ Իսաո Մուրակին նշել է, որ չնայած կարտոֆիլը բանջարեղեն է համարվում, բայց այն չի կարող առողջ սննդակարգի մաս կազմել, քանի որ դրանում մեծ քանակությամբ օսլա կա, իսկ վիտամիններ, հանքանյութեր ու բջջանյութ գրեթե չկան, եւ վնասակարության աստիճանով այն հավասար է վերամշակված ածխաջրածիններին:
Երբ մարդը տաք կարտոֆիլ է ուտում, դրա մեջ պարունակվող օսլան ավելի հեշտ է մարսվում, արյան մեջ կտրուկ բարձրանում է գլյուկոզայի մակարդակը:
Հետազոտության շրջանակում բժիշկ Մուրակին ու նրա գործընկերները վերլուծել են ամերիկյան 3 հետազոտություն, որոնց մասնակցել են առողջապահության ոլորտում աշխատող 70 773 բուժքույրեր ու 40 669 տղամարդ: Նրանցից ոչ մեկի մոտ հետազոտության սկզբում չի եղել շաքարախտ, ոչ էլ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ կամ քաղցկեղ: Գիտնականներն ուշադրություն են դարձրել, թե շաբաթական որքան կարտոֆիլ են կերել այդ մարդիկ ու 4 տարի հետո հայտնաբերել, որ նրանք, ովքեր շատ կարտոֆիլ են կերել, ավելի հաճախ են շաքարախտով հիվանդացել: Հետազոտության ընթացքում գիտնականները հաշվի են առել նաեւ վտանգի այլ գործոններ՝ կենսակերպը, սննդակարգը ու մարմնի զանգվածի գործակիցը:
2-րդ տեսակի շաքարախտի զարգացման վտանգը 12 տոկոսով նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կարտոֆիլի երեք չափաբաժինը փոխարինել հատիկավոր մթերքներով: Խորհուրդ է տրվում նաեւ ավելի շատ բանջարեղեն, միրգ ու ընկուզեղեն ուտել: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Diabetes Care ամսագրում:






