Այն, որ գազարն օգտակար է առողջության համար, հավանաբար բոլորն են լսել: Սակայն Հարվարդի համալսարանի Բժշկության դպրոցից հետազոտողների խումբը պնդում է, որ աչքերի առողջության պահպանմանը կօգնի բոլորովին էլ ոչ գազարը, այլ կանաչ հազարը: 

Նման եզրակացության հանգելու համար գիտնականները վերլուծել են համարյա 105 000 մարդու (հիմնականում կանանց) վերաբերող տվյալներ: Հետազոտությունը տեւել է  1984-ից մինչեւ 2012-ը: Դիտարկումների սկզբում մասնակիցները մոտ   40 տարեկան էին եւ նրանցից ոչ մեկը չէր տառապում առաջնային բացանկյուն գլաուկոմայով, որը հիվանդության ամենատարածված տարատեսակներից է: Ջեյ Քանգի ղեկավարած խումբն ուշադրություն դարձրեց, թե ինչ քանակությամբ տերեւային  բանջարեղեն  (հազար, կաղամբ, սպանախ, թրթնջուկ եւ այլ սննդամթերք) էին օգտագործում պատասխանողները:

Պարզվել է, որ մասնակիցներից նրանց մոտ, ովքեր տերեւային բանջարեղեն էին ուտում, գլաուկոման զարգանում էր 20-30 տոկոս ավելի հազվադեպ, քան նրանց, ովքեր իրենց սննդում հազար եւ սպանախ չէին ներառում: 

Հետազոտողները կարծում են, որ այս բանջարեղենի օգտագործումը հանգեցնում է ազոտի թթվի կենտրոնացմանը, որն անհրաժեշտ է աչքում արյան շրջանառության կարգավորման համար: Գլաուկոմայով տառապող մարդկանց մոտ ազոտի օքսիդի մակարդակը ցածր է: 

Հետազոտության հեղինակները ռիսկի խմբում գտնվող մարդկանց, որոնց ընտանիքներում արդեն արձանագրվել են գլաուկոմայի դեպքեր, եւ  60 տարեկանից մեծ հիվանդներին խորհուրդ են տալիս ամեն օր տերեւային բանջարեղեն ուտել: