Ինչու են որոշ չափահասներ հեշտությամբ սովորում նոր լեզու, իսկ մյուսները ոչ մի կերպ չեն կարողանում մտապահել օտար քերականությունն ու օտար բառերը: Այդ հարցին պատասխան են առաջարկել ՄակՀիլլի համալսարանի հետազոտողները: Նրանց կարծիքով, լեզու սովորելու կարողությունը կախված է ուղեղի տարբեր հատվածների միջեւ կապերի ամրությունից:
Դա պարզելու համար գիտնականները փորձարկում են իրականացրել, որին ֆրանսերեն սովորող 15 անգլախոս չափահաս է մասնակցել: Մասնակիցներից յուրաքանչյուրը գործառնական մագնիսառեզոնանսային տամոգրաֆիա է անցել. Դենիզ Քլայնն ու իր գործընկերներն այսպիսով ուսումնասիրել են հանգստի վիճակում ուղեղի տարբեր հատվածների միջեւ կապերի բնույթը (հետազոտողներին նախ եւ առաջ հետաքրքրում էին առանձնահատուկ լեզվային կենտրոնները, որոնք կապված են խոսքի սահունության եւ ընթերցման հետ): Կամավորների ֆրանսերեն սովորելու գործում առաջընթացը վերլուծվել է 12 շաբաթյա դասընթացի սկզբում եւ վերջում: Նրանց առաջարկվել է երկու րոպեի ընթացքում խոսել օտար լեզվով, բացի այդ վերլուծվել է ընթերցման արագությունը:
Գիտնականները պարզել են, որ որքան ավելի ամուր են կապերը ուղեղի լեզվական առանձնահատուկ կենտրոնների եւ ձախ քունքի վերին գալարի միջեւ, այնքան մասնակիցներն ավելի հաջողությամբ են կարողանում լեզու սովորել: Հեղինակները նշում են, որ լուրջ առաջընթաց արձանագրած մասնակիցների մոտ ուղեղի որոշակի հատվածների միջեւ կապերն ամուր էին դեռեւս մինչեւ ֆրանսերենի ուսումնասիրությունը սկսելը: Այդ ամենը վկայում է, որ ուղեղի հատվածների միջեւ փոխազդեցությունների բնույթն ազդում է օտար լեզուների ուսումնասիրման արդյունավետության վրա: Հեղինակները, սակայն, ընդգծում են, որ դա բոլորովին էլ միակ գործոնը չէ, որն ազդում է ուսումնառության ընթացքում հաջողության վրա:
Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Journal of Neuroscience-ը:






