Չինաստանի մոլեկուլյար կենսաբանները ստեղծել են կապիկների առաջին տեսակը, որն ունի աուտիկ մարդկան բնորոշ գենետիկ մուտացիաները, ինչը կարող է օգնել այդ հիվանդության բուժման ճանապարհները գտնելուն:

Միսիսիպիի (ԱՄՆ) համալսարանից Էրիկ Վալլենդերի խոսքով, կենդանիների օրինակով աուտիզմի ուսումնասիրության բարդությունն այն է, որ «մենք չգիտենք, թե իրականում ինչ տեսք պետք ունենա աուտիկ մուկը կամ առնետը»:

Չինացի գենետիկների խումբը՝ Շանհայի կենսաբանության ինստիտուտի աշխատակից Չժեն Լյուի ղեկավարությամբ, մոտեցել է այս խնդրի լուծմանը՝ ստեղծելով ծովախեցգետնակեր մակակաների (Macaca fascicularis) նոր տրանսգենային տեսակ, որի գենոմի մեջ ներդրվել են MECP2 գենի ավելորդ պատճեններ:

 Տվյալ գենը կարեւոր դեր է կատարում պտղի ու երեխայի ուղեղի զարգացման ժամանակ՝ ու դրա աշխատանքում կատարվող խախտումները հանգեցնում են Ռետտի համախտանիշի զարգացմանը, աուտիզմի ու մտավոր հետամնացության:

Ինչպես շեշտում են գիտնականները, կապիկների գենոմի մեջ ներդրված է MECP2 գենի ոչ թե կապկային, այլ մարդկային տարբերակը. չինացի գենետիկները այն հավելել են կապիկների ԴՆԹ-ի մեջ՝ հատուկ ռետրովիրուսի օգնությամբ, որով նրանք վարակել են բեղմնավորված ձվաբջիջները փոխնակ մայրերի արգանդ ներպատվաստելուց անմիջապես առաջ:

Փորձի արդյունքում բոլոր տրանսգենային մակակաները ձեռք են բերել MECP2-ի մեկ կամ յոթ ավելորդ պատճեն ու դրսեւորել աուտիկ վարքագծի նշանները: Եվ այսպես, պրիմատները նկատելիորեն ավելի քիչ էին շփվում իրենց ցեղակիցների հետ, չէին «տեսնում» նրանց ու նույնիսկ տարատեսակ տարօրինակ բաներ էին անում: Աուտիկ վարքագծի նշանները ավելի վառ էին արտահայտված որձերի, քան էգերի մոտ, ինչն ընդհանուր առմամբ համապատասխանում է աուտիզմի դրսեւորմանը մարդկանց շրջանում:

Համոզվելով աուտիզմի զարգացման մեջ՝ գիտնականները որոշեցին նաեւ ստուգել՝ արդյոք հիվանդությունը ժառանգաբար փոխանցվում է: Այդ նպատակով նրանք երիտասարդ որձերի ամորձիներից վերցրեցին սերմնահեղուկի հյուսվածքները, դրանք վերածեցին սպերմատազոիդների ու դրանցով բեղմնավորեցին նորմալ մակակաների ձվաբջիջները: Կապիկների նոր սերունդը նույնպես տառապում էր աաուտիզմով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիմա չինացի հետազոտողները ուսումնասիրում են, թե ինչպես է MECP2–ի ավելցուկը ստիպում, որ ուղեղը սխալ աշխատի, ու մոտ ժամանակներս նրանք հույս ունեն ստանալ առաջին տվյալներն այն մասին, թե ինչպես կարելի է պայքարել այդ խնդրի դեմ: