Ժամանակակից աշխարհում թարմ մրգերի եւ վիտամիններով հարուստ սննդի մատչելիության շնորհիվ շատ հազվագյուտ են լնդախտով հիվանդները, սակայն հին աշխարհում այդ հիվանդությունը շատ տարածված էր: Հնագետների խումբը Մարիա Կարմելա Գատտոյի եւ Անտոնիո Կորցիի գլխավորությամբ   Aswan-Kom Ombo Archaeological Project-ի շրջանակում Եգիպտոսում պեղումների ընթացքում լնդախտի նշաններ ունեցող նորածնի կմախք է հայտնաբերել: Գտածոն թվագրվում է  մ.թ.ա. 3800–3600 թվականներով, եւ գիտնականները կարծում են, որ դա Եգիպտոսում լնդախտի ամենահին գրանցված դեպքն է: 

Գիտնականներին չի հաջողվել որոշել երեխայի սեռը, սակայն նրանք պարզել են, որ երեխան մահացել է մոտավորապես մեկ տարեկան հասակում: Այն, որ երեխան հիվանդ է եղել լնդախտով, մատնանշում է գանգի ոսկրերի եւ վերջույթների ծակոտկենությունը, ինչպես նաեւ մի շարք այլ նշաններ:   International Journal of Paleopathology ամսագրում ներկայացված հետազոտության ընթացքում գիտնականները դիֆախտորոշում են կատարել եւ բացառել են մի շարք այլ հիվանդություններ (ռախիտ, անարյունություն, սպիտակարյունություն, մալարիա), որոնցով կարող էր հիվանդ լինել նման ոսկրերով երեխան: Հիմնական ախտորոշումը մնացել է լնդախտը, չնայած չի բացառվում, որ երեխան կարող էր ուրիշ ինչ-որ բանով էլ հիվանդ լինել: 

Լնդախտի զարգացման հիմնական պատճառը  С վիտամինի պակասն է, ինչի հետեւանքով խախտվում է ոսկրերի եւ ընդհանուր առմամբ օրգանիզմի նորմալ զարգացումը:  Իսկ ինչպես է լնդախտն  ի հայտ եկել Հին Եգիպտոսում ծնված երեխայի մոտ, որտեղ ընդունված էր երեխաներին  մինչեւ  3 տարեկանը կրծքով կերակրել:  Գիտնականները ենթադրում են, որ նրա մոր կամ ստնտուի օրգանիզմում С վիտամինի պակաս կար, այդ պատճառով նորածինը եւս չէր ստանում այդ վիտամինի բավարար քանակություն: 

Չնայած հին եգիպտացիների սննդակարգում քիչ չէին  С վիտամինով հարուստ սննդամթերքները, բացառված չէ, որ սննդամթերքի պահպանման կամ պատրաստման որոշ առանձնահատկություններ այդ վիտամինի ոչնչացմանն էին հանգեցնում: 

Երեխայի մահվան պատճառը պարզել չի հաջողվել: