Շվեյցարիայում Ալցհեյմերի հիվանդությունից մահացած մի քանի մարդու դիահերձումը ցույց է տվել, որ հիվանդությունն իրոք կարող է առաջանալ պրիոններից, որոնք մարդուց մարդուն են փոխանցվում հյուսվածքների փոխպատվաստման կամ ուղեղի հորմոնների ներարկման ընթացքում: 

2015-ի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի գիտնականները,  ուսումնասիրելով  «կովերի կատաղությունից» մահացած մարդկանց ուղեղը, պարզել էին, որ Ալցհեյմերի  հիվանդությունն իրականում կարող է մի մարդուց մյուսին փոխանցվել  նյարդային հյուսվածքների` օտարածին պրիոններով «վարակման» դեպքում: Պրիոններն իրենցից ներկայացնում են սպիտակուցային մոլեկուլների խառնշտված եւ սխալ հավաքված «կծիկներ», որոնք կուտակվում են հիվանդ մարդկանց նյարդային բջիջներում եւ, ինչպես պարզվել է, ի վիճակի են խթանել առողջ մարդկանց նեյրոններում բետա-ամիլոիդի գնդիկների ի հայտ գալը, եթե հայտնվեն նրանց արյան մեջ կամ ուղեղում:  

Ցյուրիխի համալսարանից (Շվեյցարիա) Հերբերտ Բուդկան (Herbert Budka) եւ իր գործընկերները նոր ապացույցներ են հայտնաբերել այս պնդման օգտին` ուսումնասիրելով «կովերի կատաղություն» հիվանդությամբ տառապող մարդկանցից ուղեղի կարծր թաղանթի փոխպատվաստման հետեւանքով մահացած մարդկանց նյարդային հյուսվածքի կառուցվածքը եւ նեյրոնների պարունակությունը:  

Բուդկայի եւ իր գործընկերների կողմից ուսումնասիրված մի քանի մարդու ուղեղն ու անոթներն ախտահարված էին Ալցհեյմերի հիվանդությամբ. գիտնականներին հաջողվել է նեյրոններում եւ դրանք շրջապատող մազանոթներում բետա-ամիլոիդի բազմաթիվ գնդիկներ հայտնաբերել: Բոլոր մահացածները չափազանց երիտասարդ էին Ալցհեյմերի հիվանդության բնական զարգացման համար. նրանց տարիքը  23-ից 60 տարեկան էր:

Հոդվածի հեղինակները ստուգել են, թե արդյոք համանման կառուցվածքներ կան   «կովերի կատաղության» բնական տարբերակից մահացած մարդկանց ուղեղներում, որոնց հիվանդությունը փոխպատվաստման հետեւանք չէր:  Ինչպես պարզվել է,  Կրեյտցֆելդ-Յակոբի («կովերի կատաղության» գիտական անվանումը) հիվանդությունից մահացած 20 շվեյցարացուց ոչ մեկը չէր տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ:  Դա ցույց է տալիս, որ Բուդկայի եւ իր գործընկերների կողմից ուսումնասիրված հիվանդության կրողներն իրոք   «վարակվել» էին ուղեղի թաղանթների փոխպատվաստման հետեւանքով:

Ինչպես պնդում են գիտնականները, Ալցհեյմերի հիվանդության վարակիչ լինելու ապացույցը չի նշանակում, թե այն կարող է ինչ-որ կերպ փոխանցվել հիվանդի`  ընտանիքի անդամների կամ բժիշկների  հետ շփումից: Դրա համար անհրաժեշտ է հիվանդությունից մահացած մարդու հյուսվածքների փոխպատվաստում, ինչն անցյալ տարվա  90-ականներից չի կիրառվում ժամանակակից բժշկության մեջ:  

Մյուս կողմից, այդ հայտնագործությունը հերթական անգամ վկայում է, որ նման հիվանդների հետ աշխատող վիրաբույժները պիտի առանձնահատուկ ջանքեր գործադրեն վիրահատություններից հետո գործիքների մանրէազերծման ուղղությամբ. բետա-ամիլոիդի գնդիկները եւ պրիոնները լավ «կպչում են» գործիքներին եւ նրանց մակերեւույթներին եւ դրանք հեռացնելը ծայրաստիճան բարդ է:  

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Swiss Medical Weekly ամսագրում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: