Այն մուտացիաների մեծամասնությունը, որը հանգեցնում է քաղցկեղային ուռուցքների 18 տոկոսի առաջացմանը, տեղի է ունենում ԴՆԹ-ի կրկնապատկման ընթացքում, ապացուցել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Ա. Խարկեւիչի անվան Տեղեկատվության փոխանցման խնդրների ինստիտուտի (ՌԳԱ ՏՓԽԻ) եւ Ժնեւի համալսարանի բիոտեղեկատվագետները: Հետազոտության արդյունքները նկարագրված են Genome Research ամսագրում:
Մարդու սոմատիկ բջիջների ԴՆԹ-ի մուտացիաները հանգեցնում են առողջ բջջի վերափոխմանը քաղցկեղայինի, հետագայում հիվանդության զարգացմանը եւ հակաքաղցկեղային թերապիայի հանդեպ կայունության ձեռք բերմանը: ԱՐՕՎԵՍ-ը հակավիրուսային պաշտպանության սպիտակուց է, որը ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի փոփոխություններ է առաջ բերում, սակայն քաղցկեղային բջջում այն «հարձակվում է յուրայինների վրա» եւ «գրոհում է» մարդկային ԴՆԹ-ին: Թե երկշղթայանի ԴՆԹ-ն փոփոխելու անընդունակ ԱՐՕՎԵՍ-ն ինչպես է դրանում մուտացիաներ առաջացնում, անհայտ էր մնում, տեղեկացնում է Ռուսաստանի Գիտական կազմակերպությունների դաշնային գործակալության (ԳԿԴԳ) մամուլի ծառայությունը:
Ռուս բիոտեղեկատվագետների խմբին հաջողվել է լույս սփռել այդ հարցի վրա: Գիտնականները ցույց են տվել, որ մուտացիաների մեծամասնությունը, որոնք առաջանում են ԱՐՕՎԵՍ-ից, տեղի են ունենում ԴՆԹ-ի կրկնապատկման ընթացքում, այն կարճ ժամանակահատվածներում, երբ ԴՆԹ-ի թելիկները իրար հետ զուգակցված չեն: ԴՆԹ-ի այն շղթան, որը կրկնապատկվում է որպես հետ մնացող, ավելի երկար է մենակ մնում. համապատասխանաբար դրա վրա բազմաթիվ մուտացիաներ են տեղի ունենում, որոնց պատճառը ԱՐՕՎԵՍ-ն է:
«Քաղցկեղի տարբեր տեսակների համար մուտացիայի գործընթացը շատ առանձնահատուկ է. ծխողների քաղցկեղն առաջանում է ծխախոտի ծխում առկա մուտացիաներից, իսկ հիմնային կարցինոման կամ մելանոման` արեւի լույսի ազդեցության հետեւանքով: Սակայն կան գործընթացներ, որոնք մուտացիաներ են առաջացնում քաղցկեղի միանգամից մի քանի տեսակի համար, դրանց մեջ հիմնականներից մեկը ԱՐՕՎԵՍ ակտիվ սպիտակուցի ակտիվությամբ պայմանավորված մուտացիան է, որը հարձակվում է միշղթայանի ԴՆԹ-ի վրա », - պարզաբանել է նախագծի հեղինակ եւ հոդվածի առաջին հեղինակ Վլադիմիր Սեպլյարսկին:
Գիտնականի խոսքով, հավանականություն կա, որ ստացված արդյունքներն իրենց հետագա զարգացման ընթացքում կհանգեցնեն ավելի խոր ընկալման նրա, ինչ տեղի է ունենում քաղցկեղային եւ սոմատիկ բջիջներում եւ, որպես հետեւանք, հակաքաղցկեղային թերապիայի ստեղծման:






