Գիտնականներին հաջողվել է ստեղծել բիոփրինթեր, որի օգնությամբ կարելի է տպել լիարժեք չափերով ու կայուն հյուսվածքներ, որոնք տեսականորեն պիտանի են մարդուն ներպատվաստելու համար:

Բիոփրինթերները սարքեր են, որոնք բջիջները շերտ առ շերտ են տպում, ինչի շնորհիվ հնարավոր է ստանալ աշխատունակ օրգան կամ դրա մի մասը: Սակայն տպված օբյեկտներն առայժմ չափից փխրուն են մարդուն ներպատվաստելու համար: Բացի դրանից դրանք զուրկ են արյունատար անոթներից, այդ իսկ պատճառով դրանց չափը թելադրվում է թթվածնի ու սննդարար նոյւթերի դիֆուզիայի սահմանով:

Հիմա Էնթոնի Աթալային ու նրա գործընկերներին հաջողվել է ամրացնել բջիջները՝ տպելով դրանք կենսաբանորեն տրոհվող պոլիմերի հետ միասին, որը հյուսվածքին մեխանիկական ամրություն է հաղորդում: Նրանք նաեւ որոշել են սննդարար նյութերի մատակարարման հարցը՝ այդ նպատակով մշակելով միկրոուղիների համակարգ, որը թույլ է տվել կտրուկ ավելացնել տպագրված օրգանների չափերը:

Բացի դրանից գիտնականները կարողացել են բիոփրինթերը հարմարացնել հիվանդների անհատական պահանջներին՝ սկզբում այն կառուցում է անհրաժեշտ օրգանի եռաչափ մոդելը, իսկ հետո տպում՝ այդ մոդելի համապատասխան: Հետազոտության մեջ նկարագրված են մկների, ճագարների, առնետների ու մարդու բջիջների հիման վրա ոսկորներ, կրճիկներ ու մկաններ ստեղծելու սարքի հնարավորությունները:

Հեղինակների կարծիքով, իրենց հայտնագործությունը վերացնում է շատ խոչընդոտներ՝ մարդուն ներպատվաստելու համար պիտանի օրգանների ստեղծման ճանապարհին:

Հետազոտողներն իհարկե առայժմ մտադիր են հասարակ օրգաններ ու հյուսվածքներ տպել, որոնք ոչ մի շարժում չեն անում ու ծանրություն չեն կրում ( օրինակ ականջները): Բացառված չէ, որ ոչ հեռավոր ապագայում այս տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր կլինի ստեղծել նաեւ ավելի բարդ օրգաններ՝ օրինակ սիրտ կամ երիկամներ:

Այս մասին հայտնում է Nature Biotechnology ամսագիրը: