2050 թվականին Երկրագնդի բնակչության կեսը կարճատեսությամբ կտառապի, իսկ նրանցից ամեն հինգերորդը աչքերի հետ կապված լուրջ խնդիրներ կունենա, որոնք կուրացման վտանգ կպարունակեն, զգուշացնում են Ավստրալիայի եւ Սինգապուրի գիտնականները: 

Գիտնականները, Բրայան Հոլդենի գլխավորությամբ, վերլուծել են  145 հետազոտության արդյունքները, որոնց ավելի քան երկու մլն մարդ է մասնակցել: Հետազոտությունները տարբեր երկրներում կարճատեսության տարածման  վերաբերյալ տվյալներ են պարունակել, որոնք հավաքվել են   1995-ից 2010-ի ընթացքում:

Հեղինակները պարզել են, որ 2000-ին տարբեր աստիճանի կարճատեսությամբ տառապում էր բնակչության 22,9 տոկոսը (2,7 տոկոսի մոտ կարճատեսության ծանր աստիճան էր ախտորոշվել), երկու անգամ ավելի շատ, քան 1970-ին: 2050-ին սակայն հիվանդացումը զգալիորեն կաճի. կարճատեսությամբ կտառապի երկրագնդի բնակչության մոտ  50 տոկոսը, նրանց մոտ 10 տոկոսի մոտ (938 մլն մարդ) կարճատեսության բարձր աստիճան կլինի:  

Խնդիրն այն է, որ այսօր մենք չափից շատ ժամանակ ենք անցկացնում տարածքների ներսում` համակարգչի առջեւ: Դա չի կարող չազդել մեր տեսողության վրա:  Տեսողության հետ կապված խնդիրների կանխարգելման համար, գիտնականների խոսքով, ոչ այնքան կարեւոր է համակարգչի առաջ քիչ ժամանակ անցկացնելը, որքան`  ավելի շատ ժամանակ անցկացնելը փողոցում: 

Հեղինակները կարծում են, որ այդ տվյալները կարեւոր են նաեւ տեսողական խանգարումներից տառապող մարդկանց օգնության կազմակերպման երկարաժամկետ պլանավորման համար: