Օրական ընդամենը մի գավաթ կանաչ թեյը կարող է զգալիորեն նվազեցնել սրտի հիվանդությունների եւ վաղաժամ մահվան վտանգը, պնդում են ճապոնացի հետազոտողները:
Հետազոտության շրջանակում, որի մասին նրանք պատմել են Annals of Epidemiology ամսագրում, գիտնականները 4 տարի հետեւել են 40-ից 69 տարեկան 90 000 մարդու առողջությանը: Պարզվել է, որ որքան ավելի շատ են կանաչ թեյ խմել փորձարկման մասնակիցները, այնքան նվազել է նրանց մոտ սրտի հիվանդություններից, ուղեղի կաթվածից կամ շնչառական հիվանդություններից մահանալու հավանականությունը:
Օրական մեկ բաժակ կանաչ թեյը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, 10 տոկոսով նվազեցրել է վաղաժամ մահվան վտանգը, իսկ օրական 5 եւ ավելի գավաթը` 17 տոկոսով:
Գիտնականների կարծիքով, սիրտ-անոթային համակարգի վրա թեյի բարենպաստ ազդեցությունը կապված է դրանում պարունակվող պոլիֆենոլների հետ: Այդ նյութերն օգնում են վերահսկել զարկերակային ճնշումը եւ օրգանիզմում ճարպի քանակությունը:
Հիշեցնենք, որ կանաչ թեյը նաեւ քաղցկեղի զարգացումը կանխարգելող լավ հակաօքսիդանտ է համարվում: Կարծիք կա, որ նիհարելու գործում եւս կանաչ թեյը շատ արդյունավետ է: Այն պատկանում է նաեւ այն սննդամթերքների թվին, որոնք ուղղակի անհրաժեշտ են նրանց, ովքեր ցանկանում են մինչեւ 100 տարի ապրել:






