Նիհարել ցանկացող մարդկանց ոչ միշտ է հաջողվում հրաժարվել ձեռքի հետ այս կամ այն բանն ուտելուց: Գիտնականները խորհուրդ են տալիս չիփսերի եւ թխվածքաբլիթի փոխարեն նուշ ուտել, որը կճնշի քաղցի զգացումը եւ կփոխարինի դատարկ կալորիաներին, որ ստացվում են անառողջ սննդամթերքից:
ԱՄՆ-ում Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ նշի օգտագործումը թույլ է տալիս սննդակարգից բացառել դատարկ կալորիաները, որոնք ստացվում են այնպիսի վնասակար սննդամթերքից, ինչպիսին շոկոլադն է, չիփսերը կամ ֆասթֆուդը: Նուշը նաեւ կօգնի ավելի քիչ աղ օգտագործել եւ սննդի մեջ մեծացնել սպիտակուցների պարունակությունը:
Վերոհիշյալ հետազոտողները հետեւել են Ֆլորիդայում ծնողների 28 զույգի: Երեք շաբաթվա ընթացքում ծնողներն ամեն օր մոտ 40 գրամ նուշ են կերել, իսկ նրանց երեխաները կերել են մոտավորապես 15 գրամ ընկույզ կամ էլ դրա համարժեքը նշի յուղի տեսքով:
Հետազոտության սկզբում գիտնականները փորձել են մասնակիցների սննդակարգի որակը պարզել այսպես կոչված Առողջ սննդի ինդեքսի միջոցով: Երեք շաբաթ տեւած ժամանակահատվածի ավարտին չափահասների եւ նրանց երեխաների մոտ այդ ինդեքսը զգալիորեն մեծացել է, ինչը սննդի որակի բարելավման մասին է վկայում: Նրանց սննդակարգում ավելի շատ սպիտակուց է հայտնվել, իսկ դատարկ կալորիաների քանակը պակասել է:
Այսպես, նիհարել ցանկացող մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս աղի եւ վերամշակված նախուտեստները (չիպսեր չորահացեր, թխվածքաբլիթ եւ այլն) փոխարինել նշով: Նրանք նաեւ խորհուրդ են տալիս սննդամթերքի մեջ ավելի շատ միրգ եւ բանջարեղեն ներառել:






