Զիկա վիրուսը կարող է երեխայի մոտ ոչ միայն միկրոցեֆալիա եւ այլ բնածին արատներ առաջացնել, այլեւ սպանել նրան մոր արգանդում: Այդ մասին պատմում են PLoS Neglected Tropical Diseases ամսագրում հրապարակված հոդվածում:
Այս տարվա հունվարին Բրազիլիայի 20-ամյա բնակչուհին մեռած երեխա էր ծննդաբերել անսովոր փոքր գլխով: Այդ դեպքը հետաքրքրեց գիտնականներին, եւ նրանք սկսեցին ուսումնասիրել կնոջ հղիությունն ու մեռած երեխայի անատոմիան: Հենց այդ դեպքը գիտնականներին օգնեց այն եզրակացությանը հանգել, որ Զիկա վիրուսը կարող է անհամեմատ ավելի վտանգավոր լինել, քան մինչ այժմ համարվում էր:
Ինչպես նշում են գիտնականները, կնոջ հղիությունը նորմալ էր ընթանում մինչեւ 18-րդ շաբաթը, ինչից հետո պտղի աճի տեմպերը սկսեցին կտրուկ հետ մնալ նորմայից: Հիվանդը նույնիսկ չգիտեր, որ հիվանդացել է Զիկա տենդով, որովհետեւ ոչ մի ախտանիշ չուներ` ոչ քոր, ոչ բարձր ջերմաստիճան, ոչ էլ ջարդվածության զգացում մարմնում:
Հղիության 30-րդ շաբաթում պտղի զարգացման արատներն ակնհայտ դարձան եւ երկու շաբաթից բժիշկները արհեստական ծննդաբերություն խթանեցին: Երեխան մեռած ծնվեց: Երեխայի եւ մոր արյան հետագա անալիզը հաստատեց, որ նրանք վարակված էին եղել Զիկա վիրուսի նույն տարատեսակով, որն այժմ տարածվում է Նոր Աշխարհում:
Դիահերձումը ցույց է տվել, որ երեխան տառապում էր մի շարք ֆիզիոլոգիական արատներից` թոքերի, գանգի եւ մաշկի այտուցման համախտանիշից, վերջույթների ձեւախեղումից եւ հիդրոցեֆալիայի ծայրահեղ աստիճանից` գանգում հեղուկի կուտակումից, ինչի հետեւանքով ուղեղում գործնականում ազատ տեղ չէր մնում: Բոլոր այս խնդիրները, գիտնականների կարծիքով, հանգեցրել են պտղի մահվան:
Գիտնականներն առայժմ չեն կարող պատասխանել այն հարցին, թե Զիկա վիրուսը որքան հաճախակի է նման խանգարումներ առաջ բերում եւ արդյոք դրանք իրոք կապված են այդ վիրուսի հետ: Եթե նման դեպքերն ավելի շատ լինեն, հնարավոր կլինի արդեն ավելի կոնկրետ եզրահանգումներ կատարել: Առայժմ մասնագետները հղի կանանց խորհուրդ են տալիս զգուշություն պահպանել եւ չգնալ այն երկրներ, որտեղ տարածված է վիրուսը:
«Այդ բացահայտումը մեզ ստիպում է անհանգստանալ, որ վիրուսը կարող է ծայրաստիճան մեծ վնաս հասցնել պտղին, ինչը հանգեցնում է մեռած պտուղ ունենալու եւ այլ արատների, չհաշված նյարդային համակարգի զարգացման անկանոնությունները: Մենք պիտի լրացուցիչ դիտարկումներ եւ գիտափորձեր կատարենք` ապացուցելու, որ դա առանձին դեպք չէ, եւ որ Զիկա վիրուսը կարող է պտղի մոտ այտուցվածության համախտանիշ եւ ջրգողություն առաջացնել», - ասել է համաճարակաբան Ալբերտ Կոն Յեյլի համալսարանից (ԱՄՆ):






