Տարեց մարդիկ, որոնք կցանկանային Ալցհայմերի հիվանդությունից լրացուցիչ պաշտպանված լինել, պիտի հրաժարվեն գործելուց եւ իրենց համար համակարգիչ գնեն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ համակարգչի հետ աշխատել սովորելը ուղեղի համար հզոր խթան է եւ ծերունական թուլամտությունը կանխարգելելու լավ միջոց:
ԱՄՆ-ի Մայոյի կլինիկայի հետազոտողները պարզել են, որ 70-ից մեծ մարդիկ 42 տոկոսով ավելի հազվադեպ են բախվում ինտելեկտուալ գործունեության` ձեռքբերովի թուլամտությանը նախորդող խանգարումներին, եթե տեխնոման են դառնում: Չնայած գործելը եւս մտավոր առողջության համար որոշ առավելություններ ունի եւ հիշողության հետ կապված խնդիրների վտանգը նվազեցնում է 16 տոկոսով, համակարգչի օգտագործումն անհամեմատ ավելի արդյունավետ զբաղմունք է: Եվ այդ արդյունքին հասնելու համար բավական է շաբաթն ընդամենը մեկ անգամ նստել համակարգչի առաջ:
Հետազոտությանը 70 տարեկանից մեծ մոտ 2 000 թոշակառու է մասնակցել: Ամեն օր ամսագրերի պարզ ընթերցանությունը ուղեղի նեյրոդեգեներացիայի վտանգը նվազեցրել է 30 տոկոսով: Խաչբառեր եւ այլ գլուխկոտրուկներ լուծելը հնարավորություն է տվել հասնել հիշողության հետ կապված խնդիրների կրճատման 14 տոկոսով: Սակայն ամենաարդյունավետը եղել է հենց համակարգչով աշխատելը:






