Կապույտ հապալաս հատապտուղն իր մեջ պարունակվող հսկայական թվով վիտամինների եւ հանքանյութերի շնորհիվ «սուպերմթերք» է համարվում:   Ցինցինատիի համալսարանի գիտնականները Ռոբերտ Կրիկորյանի գլխավորությամբ պարզել են, որ կապույտ հապալասն օգտակար է ոչ միայն սրտի հիվանդությունների եւ քաղցկեղի, այլեւ Ալցհայմերի հիվանդության կանխարգելման համար: 

Կենդանիների եւ մարդկանց վրա մի շարք հետազոտություններ հաստատել են այդ փաստը:

Հետազոտություններից մեկին մասնակցել է 68 եւ ավելի տարեկան 47 մարդ, որոնց մոտ մտածողական չափավոր խանգարումներ էին հայտնաբերվել, ինչը Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկի գործոն է համարվում:  16 շաբաթվա ընթացքում փորձարարական խմբի մասնակիցներն օրական մեկ գավաթ մանրացված լիոֆիլիզացված հատապտուղ են կերել: Դա հանգեցրել է հետազոտության մասնակիցների հիշողության էական բարելավման:   Իսկ գՄՌՏ-ի օգնությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ կապույտ հապալասի կանոնավոր օգտագործումը գլխուղեղի ակտիվության մեծացում է առաջացրել: 

Երկրորդ հետազոտությանը 62-ից 80 տարեկան 94 մարդ է մասնակցել, որոնք կարծում էին, որ իրենց հիշողությունը վատանում է: Սակայն նրանց հիշողության վատացումը բժշկական տեսանկյունից չէր հաստատվել: Բոլոր կամավորները բաժանվել էին  4 խմբի, որոնք համապատասխանաբար օգտագործում էին կապույտ հապալաս, ձկան յուղ, հապալասը ձկան հետ միասին կամ պլացեբո: Հետազոտության այն մասնակիցների մոտ, որոնք հապալաս կամ ձկան յուղ էին ընդունել, հիշողության բարելավում էր նկատվել, սակայն այս հետազոտության արդյունքներն այնքան տպավորիչ չէին, ինչպես առաջինի դեպքում:  Հեղինակները դա կապում են այն բանի հետ, որ հիվանդների մոտ մտածողական խանգարումները բժշկական առումով չէին հաստատվել կամ էլ այնքան լուրջ չէին, որքան առաջին գիտափորձի մասնակիցներինը: 

Մոտ ժամանակներս գիտնականները նոր հետազոտություն կկատարեն, որին կմասնակցեն 50-ից 65 տարեկան մարդիկ: Փորձարարական խմբի մեջ կմտնեն ինչպես Ալցհամերի հիվանդության զարգացման վտանգի ենթակա, այնպես էլ ճարպակալմամբ եւ հիպերտոնիայով տառապող մարդիկ: 

Հետազոտողներն իրենց աշխատանքի մասին պատմել են Քիմիկոսների ամերիկյան ընկերակցության 251-րդ ազգային հանդիպմանը: