Պարզվում է, տղամարդիկ եւ կանայք ֆիզիոլոգիական տարբեր պահանջմունքներ ունեն. կանայք ավելի երկար քնի կարիք ունեն, քան տղամարդիկ, հայտնում են Լաֆբորոյի համալսարանի գիտնականները:  

Միջին տարիքի ավելի  քան 200 տղամարդու եւ կնոջ մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ քնի պակասը կնոջ օրգանիզմի համար անհամեմատ ավելի վնասակար է, քան տղամարդու: Մասնավորապես` կնոջ մոտ քնի պակասը հանգեցնում է ուղեղի գործունեության եւ հոգեկան կառուցվածքի ավելի լուրջ խանգարումների, քան տղամարդկանց մոտ: 

Ինչպես նշել են հետազոտության հեղինակները, չքնող կանայք ավելի են ենթակա սթրեսի, նրանց մոտ բարձր է թշնամության եւ ջղայնության զգացումը եւ նրանք հաճախ են բախվում դեպրեսիային: 

Հետազոտողների կարծիքով, հաշվի առնելով կանանց հոգեկան առողջության խոցելիությունը, նրանց անհրաժեշտ է 20 րոպեով ավելի երկար քնել, քան տղամարդիկ: 

Հիշեցնենք, որ վերջերս իրենց հետազոտության մասին էին պատմել նաեւ Փենսիլվանիայի Բժշկական դպրոցի գիտնականները, որոնք պարզել էին, որ  6-ժամյա կանոնավոր քունը բավարար չէ ուղեղի լիակատար հանգստի համար` ավելին, քնի պակասը կարող է առողջության վրա նույնքան բացասաբար ազդել, որքան անքնությունը: