Դիզենտերիան ծնվել է Եվրոպայում, հետո ներթափանցել է Ասիա եւ Աֆրիկա, որոնք մինչ օրս տառապում են այդ հիվանդությունից: Դա է ցույց տվել դիզենտերիայի հարուցիչ-մանրէի (Shigella dysenteriae) խոշորագույն գենետիկական հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature Microbiology ամսագրում:
Գիտնականների միջազգային խումբը նախկինում անհայտ կապեր է հայտնաբերել XVIII-XIX դարերում դիզենտերիայի տարբեր բռնկումների միջեւ: Նրանք Shigella dysenteriae-ի ավելի քան 330 շտամմ են վերլուծել, որոնք առանձնացվել էին 1915-2011-ին: Պարզվել է, որ շտամմները Եվրոպայում ի հայտ են եկել առնվազն XVIII դարից, իսկ այլ աշխարհամասերում հայտնվել են վերաբնակիչների, զինվորականների, գաղութարարների շնորհիվ:
Ամենից արագ Shigella dysenteriae-ն աշխարհում տարածվել է իմպերիալիզմի ժամանակաշրջանում (1889-1903 թթ.): Դիզենտերիայի վերջին բռնկումները Եվրոպայում տեղի են ունեցել Առաջին եւ Երկրորդ համաշխարհայինների ընթացքում, ինչից հետո հիվանդությունը լքել է Արեւմուտքի զարգացած երկրները, բայց Ասիայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում դիզենտերիայի համաճարակը շարունակվել է մինչեւ ХХ դարի վերջ:
Բացի այդ, գիտնականները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ Shigella dysenteriae-ն ձեռք է բերել հակաբիոտիկների հիմնական տեսակներին դիմադրելու համար պատասխանատու գեներ: Այժմ այդ մանրէների դեմ ազդում է դեղամիջոցների մեկ տոկոսից էլ պակասը: Այս իրավիճակը նոր գլոբալ համաճարակների սպառնալիք է ստեղծում, ինչի հետեւանքով գիտնականները հայտարարում են տվյալ հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման անհրաժեշտության մասին:






