Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մալարիան, որն առաջանում է մոծակի խայթոցով մարդուն փոխանցվող մակաբույծներից,  սկիզբ է առել թռչուններից: Հետո դա փոխանցվել է չղջիկներին, որոնցից էլ անցել է մյուս կաթնասուններին: 

Մալարիան ամեն տարի մոտ 500 մլն մարդու է վարակում, բայց մենք միակը չենք. մալարիայի տարբեր տեսակներ կարող են վարակել թռչունների, չղջիկների եւ այլ կաթնասունների, ցույց է տվել հետազոտությունը: Բայց մարդիկ չեն կարող մալարիայով վարակվել անմիջապես թռչուններից կամ չղջիկներից: 

«Մենք չենք կարողանա հասկանալ, թե մալարիան ինչպես է տարածվել մարդկանց շրջանում, մինչեւ չհասկանանք նրա էվոլյուցիոն պատմությունը,- ասել է Նյու Յորքի  Cornell University-ում հետազոտության հեղինակ Հոլլի Լուտցը: Նրա անցյալն ուսումնասիրելով, մենք կկարողանանք ավելի լավ հասկանալ այն հետեւանքները, որ ունենում է մեզ վրա»:

Հետազոտողները արյան նմուշներ են վերցրել հարյուրավոր արեւելաաֆրիկյան թռչուններից, չղջիկներից եւ այլ մանր կաթնասուններից: Երբ նրանք մալարիա են հայտնաբերել, մակաբույծների ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել եւ դրանք դասակարգել են` գենետիկական կոդում մուտացիաների ի հայտ բերման համար: Հետո Լուտցը այսպես կոչված    «ֆիլոգենետիկական անալիզ» է կատարել` պարզելու, թե իրար հետ ինչ եղանակով են կապված մալարիայի տարբեր տեսակները: 

Մալարիայի մակաբույծների գենետիկական կոդերի անալիզի միջոցով Լուտցը կարողացել է հայտնաբերել այն հատվածները, որտեղ ԴՆԹ-ի տեսակներն իրարից տարբերվում են: Հետո գիտնականները ծրագրային հզոր հաշվիչ ապահովում են օգտագործել` պարզելու, թե ինչ եղանակով են զարգացել տարբեր տեսակները եւ ինչպես են կապված իրար: 

Անալիզը ցույց է տվել, որ մալարիայի արմատները տանում են դեպի թռչունները, հետո թռչուններից տարածվել են չղջիկների եւ այլ կաթնասունների շրջանում: 

Հետազոտությունը հրապարակվել է Molecular Phylogenetics and Evolution ամսագրում: