Բրիտանացի գենետիկներն առաջին անգամ լիովին արհեստական օրգանիզմ են սինթեզել` գոյատեւման եւ սերնդին փոխանցելու համար անհրաժեշտ գեների նվազագույն հավաքակազմով կենսունակ մանրէ: Այս շաբաթ Science ամսագրում հրապարակվել էր Քրեյգ Վենտերի ղեկավարած գենետիկների խմբի հոդվածը. նրանք Syn 3.0 միկրոօրգանիզմն են ստեղծել ռեկորդային կարճ գենոմով: Այն ընդամենը 473 գեն ունի: Համեմատության համար ասենք, որ մարդու քսաներկու զույգ աուտոսոմները, երկու սեռական քրոմոսոմները եւ միտոխոնդրիալ ԴՆԹ-ն միասին մոտավորապես 3,1 մլրդ զույգ հիմք են պարունակում եւ 20-ից 25 հազար ակտիվ գեն:
«Մենք ուզում էինք ստուգել, թե մինչեւ ինչ աստիճան կարելի է կրճատել օրգանիզմի գենոմը` միաժամանակ չխախտելով նրա կենսագործունեության հիմնական համակարգերի գործառնականությունը», - մեկնաբանում է հետազոտության ղեկավար, բժիշկ Քրեյգ Վենտերը:
Գիտնականները Վենտերի ղեկավարությամբ փորձարկում են կատարել պարզագույն Mycoplasma mycoide մանրէի վրա, որը նույնիսկ կարծր բջջային պատ չունի: Կենսաբանության մեջ այն հայտնի է որպես խոշոր եղջերավոր անասունների եւ ընտանի այծերի թոքային հիվանդությունների գլխավոր հարուցիչ:
Այդ միկրոպլազմայի գենոմն իրոք էլ գրեթե պարզագույնն է բոլոր հայտնիներից. այն ընդամենը 901 գեն է պարունակում: Գիտնականները ստիպված են եղել գործել փորձերի եւ սխալների մեթոդով` կտրելով Mycoplasma mycoides-ի բնական գենոմի տարբեր հատվածներ: Արդյունքում նրանց հաջողվել է գեների թիվը նվազեցնել մինչեւ 473, որոնք արձանագրված են նուկլեոիդ հիմքերի 531000 զույգի վրա: Սակայն Syn 3.0-ի առկա գեներից 149 գենի գործառույթներն անհայտ են մնում, եւ գենետիկները մտադիր են նախ եւ առաջ պարզել դրանց դերը միկրոօրգանիզմի կյանքում:
Բժիշկ Վենտերը խոստովանում է, որ ապագայում տեսականորեն հնարավոր կլինի ցանկացած օրգանիզմ ստեղծել` ընդամենը մանիպուլյացիայի ենթարկելով նրա գեների հավաքածուն:






