Այսպես կոչված միջերկրածովյան սննդակարգն օգնում է ամրապնդել ոսկրերը եւ պաշտպանում է կոտրվածքներից. այն կանայք, որոնք կյանքի ընթացքում շատ միրգ, բանջարեղեն, ընկույզ, ձիթապտղի յուղ, ձուկ, լոբազգիներ եւ ամբողջական հատիկավորներից սննդամթերք են կերել, տարեց հասակում  20 տոկոսով ավելի հազվադեպ են բախվում կոնքոսկրի կոտրվածքներին, քան նրանք, ովքեր այլ կերպ են սնվել: Այդ մասին հայտնում են Վյուրցբուրգի համալսարանի (Բավարիա) գիտնականները:

Գիտնականների կարծիքով, վերոհիշյալ սննդամթերքում պարունակվող նյութերը պաշտպանում են օստեոպորոզից եւ դրա հետ կապված կոտրվածքներից: 

Հետազոտությանը 90 014 կին է մասնակցել: Պարզվել է, որ նրանցից այն կանայք, որոնք կյանքում հետեւել են միջերկրածովյան սննդակարգի, 20 տոկոսով ավելի հազվադեպ են բախվել կոնքոսկրի կոտրվածքների: Հետազոտության հեղինակները բժիշկներին խորհուրդ են տալիս ավելի հաճախ իրենց հիվանդներին առաջարկել պարզ փոփոխություններ կատարել սննդակարգում, որոնք կհանգեցնեին ավելի շատ մրգերի եւ բանջարեղենի օգտագործմանը: Դրանք հատկապես անհրաժեշտ են դաշտանադադարից հետո, երբ աճում է օստեոպորոզի զարգացման ռիսկը: 

Օստեոպորոզն ամբողջ աշխարհում ամեն տարի 8.9 մլն կոտրվածքի պատճառ է դառնում, ամեն երեք վայրկյանը մեկ` կոտրվածքի: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 50 տարեկանից մեծ յուրաքանչյուր կին վաղ թե ուշ օստեոպորոզի պատճառով բախվում է կոտրվածքների հետ: Նման ճակատագիր է սպասում ամեն հինգերորդ տղամարդուն: Վնասվածքների վերաբերյալ տվյալների մեջ վտանգ են ներկայացնում կոնքոսկրի  կոտրվածքները, որոնք հաճախ հաշմանդամության են հանգեցնում: Կոնքոսկրի վզիկի կոտրվածքով հիվանդների մեկ երրորդը մեռնում է վնասվածքից հետո 12 ամսվա ընթացքում:

Ավելի առողջ սննդակարգը կարող է բոլոր այդ հիվանդներին օգնել ամրապնդել ոսկրերը եւ նվազեցնել ընկնելու դեպքում կոտրվածքների ռիսկը, զգուշացնում են գիտնականները: 

Այս հետազոտության մասին հայտնում է JAMA Internal Medicine ամսագիրը: