Սննդի մեջ փոքր քանակությամբ պոլիֆենոլով հարուստ մուգ շոկոլադ օգտագործելն ազդում է տրամադրության վրա` ուժեղացնելով հանգստության եւ բավարարվածության զգացողությունը, ցույց է տվել Ավստրալիայում Սուինբերնի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների հետազոտությունը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Psychopharmacology-ում:
Գիտնականներին հետաքրքրել է այն, թե կակաոյի պոլիֆենոլներն ինչպես են ազդում արական եւ իգական սեռի 40-65 տարեկան 72 կամավորի մտավոր կարողությունների վրա: 30 օրվա ընթացքում մասնակիցներին ամեն օր պոլիֆենոլների տարբեր պարունակությամբ (0-ից 500 մգ) շոկոլադե ըմպելիք էին տալիս:
Արդյունքում մտածողական կարողությունների բարելավում չի արձանագրվել: Սակայն փորձարկվողների տրամադրությունը փոխվում էր դեպի լավը: Նրանք, ովքեր օրական 500 մգ պոլիֆենոլներով շոկոլադե ըմպելիք էին խմում, իրենց ավելի հանգիստ եւ կյանքով բավարարված էին զգում հետազոտության ամբողջ ժամանակաշրջանում:
Արժե նշել, որ իրենք` մասնակիցներն իրենց տրամադրությունը գնահատում էին հատուկ սանդղակով` փորձարկումից առաջ եւ հետո: Հետազոտողներն ընդունում են, որ նման ինքնագնահատականը հազիվ թե կարելի է տրամադրության չափման ամենահուսալի միջոցը համարել:
Բացի այդ, չի լարելի հաստատ ասել, որ հենց մուգ շոկոլադն էր տրամադրության բարելավման պատճառը, ինչպես նաեւ նշել, թե դրա հետեւում կենսաբանական ինչ մեխանիզմ կարող է լինել: Հնարավոր է, որ մասնակիցներն իրենց ավելի երջանիկ էին զգում ուղղակի այն բանի համար, որ իրենց թույլ էր տրվում հաճույք պատճառող մթերք օգտագործել:






