Ամերիկացի բժիշկները երիտասարդի համար նոր կերակրափող են ստեղծել դոնորական մաշկի եւ մետաղական ստենտների օգնությամբ: Երբ 24 տարեկան տղամարդը յոթ տարի առաջ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով անդամալույծ է դարձել, բժիշկները փորձել են վերականգնել նրա կերակրափողը: Նրանք փորձել են նոր օրգան ստեղծել` օգտագործելով հենց հիվանդի մարսողական համակարգի փողը, սակայն այդ փորձը ձախողվել է:
Բժիշկները որոշել են նոր տեխնիկա փորձարկել, որն ավելի վաղ փորձարկվել էր միայն շների վրա` ստենտների եւ մաշկի օգնությամբ կերակրափողի վերին հատվածի վերականգնման համար: Նման մեթոդն արդեն հավանության էր արժանացել ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկողության պետական հանձնաժողովի կողմից:
Ցյուրիխի համալսարանի Վերականգնողական բժշկության ինստիտուտի տնօրեն Սայմոն Հյորթսթրուպը նշում է, որ վիրահատությունը բացառիկ էր, որովհետեւ դրա արդյունքները ենթադրում են, որ մարդու օրգանիզմն ի վիճակի է որոշակի նոր օրգաններ աճեցնել հիմնական կառուցվածքի իմպլանտավորումից հետո:
Բժիշկներն էնդոսկոպիկ փողը ստամոքսով դեպի վեր են տարել` դեպի կերակրափողի մնացած մասը, որպեսզի մետաղական երեք ստենտ տեղադրեն կերակրափողի կառուցվածքի վերականգնման համար, ինչից հետո դրանք ծածկել են հենց հիվանդի մաշկով: Հետո մաշկը ծածկվել է գելով, որը կազմված էր հիվանդի արյունից եւ ցողունային բջիջներին ձգելու որոշակի հատկություններ ուներ:
Չնայած բժիշկներն ուզում էին ստենտները հեռացնել վիրահատությունից երեք ամիս անց, հիվանդը դրանից հրաժարվել է` վախենալով, թե կկորցնի ինքնուրույն ուտելու եւ խմելու նորից ձեռք բերված կարողությունը: Վերջերս` վիրաբուժական հաջող միջամտությունից չորս տարի անց, ստենտներն արդեն հեռացրել էին, իսկ բժիշկները հաստատել են, որ կերակրափողի բոլոր հինգ շերտերը վերջնականապես վերականգնվել են եւ կերակրափողը գործնականում նույնական է բնօրինակի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր