• Latest news

Պաղպաղակ. Օգտակար մթերք, թե մեծ չարիք

20 հունիսի, 2016  14:24

Պաղպաղակն ամռանն ամենամեծ ժողովրդականություն վայելող մթերքներից է: Պաղպաղակի օգուտի եւ վնասի մասին կարելի է ամենատարբեր կարծիքներ լսել. որոշ մասնագետներ պնդում են, թե պաղպաղակը հնարավոր լավագույն աղանդերն է, ուրիշները կարծում են, թե պաղպաղակը նույնքան վնասակար է, որքան մյուս սիրելի քաղցրեղենները:

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը, պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, նշել է, որ պաղպաղակը շաքարի այնպիսի աղբյուր է համարում, ինչպիսին շաքար պարունակող ցանկացած մթերք:  Շաքարը, ինչպես հայտնի է, ոչ մի օգտակար բան չի պարունակում ու միաժամանակ   ուժեղ, գրեթե թմրանյութային կախվածություն է առաջացնում. եթե մարդը սովոր է շաքար պարունակող մթերքներ օգտագործել եւ հանկարծ հրաժարվում է դրանցից, նրա ինքնազգացողությունը վատանում է, գլխացավեր են սկսվում, տրամադրությունն ընկնում է, որեւէ բան անելու մոտիվացիա, ուժ եւ ցանկություն չի մնում: Պաղպաղակը, որը, որպես կանոն, բավականին շատ շաքար է պարունակում, նույնպիսի կախվածություն է առաջացնում, ինչպես մյուս քաղցր մթերքները: Ավելին, մենք սովորաբար նույնիսկ չգիտենք, թե որքան շաքար կա մեր կերած պաղպաղակում, չէ որ փաթեթի վրա սովորաբար նշվում է միայն շաքարի առկայության փաստը, ոչ թե քանակությունը:

Այդ իմաստով պաղպաղակն այնքան էլ օգտակար մթերք չէ: Սակայն եթե այն իսկական կաթնամթերքից է պատրաստված (ոչ թե բուսական եւ քիմիական փոխարինիչներից), այն սպիտակուցներ եւ կալցիում կպարունակի, որոնք այնքան անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Իհարկե, նույն նյութերը, նույնիսկ ավելի մեծ քանակությամբ, կարելի է ստանալ կաթից, մածնից եւ պանրից, սակայն եթե Դուք շատ եք ուզում քաղցր ուտել, բնական պաղպաղակը կարող է ավելի առողջ այլընտրանք լինել տորթերին եւ կոնֆետներին:

Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս միայն հայտնի ֆիրմաների արտադրած պաղպաղակ գնել, ոչ թե փողոցում «լցնովի», որը հայտնի չէ, թե ով է պատրաստել:  Մասնագետը հիշեցրել է, որ ամռանը սննդային թունավորումների գլխավոր պատճառներից մեկը փողոցում պատրաստվող պաղպաղակն է: Իսկ գործարաններում, որտեղ պաղպաղակ են արտադրում, մանրազնին կերպով հետեւում են հիգիենային եւ որակին եւ նման պաղպաղակից թունավորվելու հավանականությունն անհամեմատ ավելի փոքր է, քան «լցնովիից»:

Դիետոլոգի խոսքով, լավ միտք է տնային պաղպաղակ պատրաստելը: Այդպես Դուք կկարողանաք ոչ միայն վստահ լինել օգտագործվող մթերքների որակին (կարագ բուսական յուղի փոխարեն, բնական մթերքներ, հոտավետիչների եւ քիմիական հավելումների բացակայություն), այլեւ կարգավորել շաքարի քանակությունը: Սակայն խնդիրն այն է, որ կանանց մեծամասնությունն այսօր աշխատում է եւ ժամանակ չունի նույնիսկ ճաշ եւ ընթրիք պատրաստելու, էլ չասած աղանդերի եւ պաղպաղակի մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել