Երկարատեւ ցերեկային քունն այնքան անվնաս չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից. ճապոնացի գիտնականները պնդում են, որ ցերեկը մեկ ժամից ավելի քնող մարդկանց մոտ 45 տոկոսով մեծանում է դիաբետի 2-րդ տեսակի եւ նյութափոխանակային համախտանիշի զարգացման ռիսկը: Բարեբախտաբար ավելի կարճատեւ ցերեկային քնի դեպքում դիաբետի ռիսկի ավելացում չի դիտարկվում:
Գիտնականները 21 հետազոտության մետավերլուծություն են իրականացրել, որոնց ավելի քան 300 000 մարդ է մասնակցել եւ հստակ կապ են հայտնաբերել ցերեկային քնի տեւողության եւ դիաբետի ռիսկի միջեւ: Գիտնականների խոսքով, ցերեկային կարճատեւ քունը նույնիսկ օգտակար է դիաբետի կանխարգելման համար, եթե իհարկե համադրվում է ճիշտ սննդի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ:
Գիտնականները նշում են, որ շատ մարդիկ այսօր գիշերները չեն քնում լարված աշխատանքի եւ սոցիալական բուռն կյանքի պատճառով եւ ձգտում են ցերեկը քնել` հուսալով հետ բերել բաց թողածը: Բայց պարզվում է, որ իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ եւ ցերեկային քունը կարող է ոչ միայն օգնել վերականգնել ուժերը, այլեւ վնաս հասցնել:
Մեկնաբանելով այդ հետազոտության արդյունքները` Գլազգոյի համալսարանի գիտնականները նշել են, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը հաճախ քնատություն է առաջացնում: Նշանակում` ցերեկը քնելու սովորությունը տեսականորեն կարող է դիաբետի վաղ ախտանիշներից մեկը լինել, ոչ թե դրա պատճառը:
Ճապոնացի գիտնականներն իրենց հետազոտության մասին պատմել են European Association for the Study of Diabetes-ի (EASD) ամենամյա հանդիպման ընթացքում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր