Կատվի ճանկռոցն ու կծոցներն ավելի վտանգավոր են, քան շատ մարդկանց կարող է թվալ: Ամերիկյան Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի (Centers for Disease Control and Prevention) փորձագետների զեկույցի համաձայն, կատուների կողմից ճանկռված մարդկանց մոտ կարող է ֆելինոզ առաջանալ, որը հայտնի է նաեւ որպես «կատվի ճանկռոցների հիվանդություն»:
Կենտրոնի վիճակագրության համաձայն, ամեն տարի ԱՄՆ-ում ֆելինոզով մոտ 12 000 մարդ է հիվանդանում, նրանցից մոտ 500-ը հիվանդանոց տեղափոխվելու կարիք է զգում:
Հիվանդության հարուցիչը Bartonella henselae միկրոօրգանիզմն է, որը կատուների եւ որոշ այլ կաթնասունների մարմնի մակաբույծներից է: Վարակը զարգանում է, երբ հարուցիչն ընկնում է կծոցից կամ ճանկռոցից առաջացած վերքի մեջ, ինչպես նաեւ այն դեպքում, եթե կատուները լիզում են մարդու վնասված մաշկը: Հիվանդությունն օրգանիզմի ընդհանուր թունավորման է հանգեցնում, գլխացավերի, բարձր ջերմաստիճանի եւ ավշային հանգույցների վնասման: Բացի այդ, կատվի ճանկռոցից առաջացած տենդը կարող է ուղեղի եւ սրտի վնասվածքների պատճառ դառնալ:
Ֆելինոզը (ինչպես եւ շատ այլ վարակներ) հատկապես վտանգավոր են թուլացած իմունիտետով մարդկանց համար. նրանց մոտ կարող են ուղեղի ծանր վնասվածքներ առաջանալ` էնցեֆալոպաթիա եւ նեյրոռետինգիտ: Վարակի բուժման համար հիվանդներին հակաբիոտիկների կուրս են նշանակում եւ թերապիան ժամանակին սկսելու դեպքում, որպես կանոն, բարդություններ չեն զարգանում:
Ֆելինոզով վարակման ռիսկը նվազեցնելուն կօգնի պարզ կանոնների հետեւելը. մասնավորապես, կատուների հետ խաղալուց հետո խորհուրդ է տրվում ձեռքերը լվանալ, իսկ ընտանի կենդանիներին մշակել տզերի դեմ, որոնք բարտոնելլայի տարածողներ են:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր