• Latest news

Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում մեկնարկում է «Միավորված Հայաստանի բժիշկներ» բարեգործական նախագիծը

29 սեպտեմբերի, 2016  22:01

Երկու օրից՝ 2016 թ. հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում մեկնարկում է «Միավորված Հայաստանի բժիշկներ» բարեգործական նախագիծը: Այս մասին սեպտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նախագծի նախաձեռնող Մոսկվայի Պլաստիկ վիրաբուժության ակադեմիայի պլաստիկ վիրաբույժ Տիգրան Ղազարյանը:

Բացատրելով նախագծի անվանումը՝ «Միավորված Հայաստանի բժիշկներ»՝ Տիգրան Ղազարյանը նշեց, որ դրա մեջ խոր իմաստ կա դրված, «քանի որ այսօրվա դրությամբ Հայաստանի սահմանները ընդլայնվում են»: «Նախագիծն առայժմ իրականացվելու է Հայաստանում, ու քանի որ Լեռնային Ղարաբաղն էլ է Հայաստանի անբաժան մասը՝ ես Ղարաբաղը չեմ առանձնացնի: Հենց դա է այս նախագծի ու դրա անվանման իմաստը»,- ասել է նա:

Տիգրան Ղազարյանի խոսքով նախագծին մասնակցելու են ոչ միայն հայեր, այլեւ ուրիշ ազգությունների ներկայացուցիչներ՝ ռուսներ, հրեաներ, վրացիներ, անգլիացիներ, ֆրանսիացիներ եւ այլն: Այսօրվա դրությամբ իրենց մասնակցության մասին մոտ 3000 բժիշկ է հայտնել՝ տարբեր մասնագիտացումներով:

«Սա լայնածավալ բարեգործական նախագիծ է, որը զբաղվելու է ոչ թե ֆինանսավորմամբ, այլեւ բուժօգնություն տրամադրելով՝ ախտորոշումից սկսած մինչեւ ռեաբիլիտացիա: Հայաստանի բոլոր մարզերում, նաեւ Ռուսաստանի ու այլ երկրների մի շարք քաղաքներում արդեն կան տվյալ նախագծի ներկայացուցիչներ: Մասնավորապես Երեւանում ներկայացուիչը բժշկուհի Արմինե Մանուկյանն է: Արցախում՝ հոգեբույժ ու հոգեբանության հարցերով դատաբժշկական փորձաքննության ղեկավար Հակոբ Հակոբյանը»,- պատմեց նա։

Պարզաբանելով, թե ինչպես է կատարվելու հիվանդների ընտրությունը, ռուսաստանցի բժիշկը նշեց, որ ի սկզբանե հայտարարվել էր անապահովներին բուժօգնություն տրամադրելու մասին, բայց այդ դեպքում մեծ հարց է առաջանում՝ ինչպե՞ս տարբերել նրանց: «Միանգամից ասեմ, մենք առհասարակ ոչ մի բաժանում չենք անի: Եթե մեր դուռը թակի Հայաստանի ամենահարուստ մարդը, ուրեմն նա ինչ -որ բանի կարիք ունի: Մենք նրան կընդունենք ու նույն օգնությունը կտրամադրենք, ինչ այն մարդուն, ով փողոցում է գիշերում»- ասաց նա:

Տիգրան Ղազարյանը պարզաբանեց, որ տվյալ նախագծի մտահղացումը վայրկյանական չի եղել: «Այնպես չէ, որ երազում տեսա: Ոչ մի լիրիկա այստեղ չի եղել»,- նշեց նա: Ամռանը պլաստիկ վիրաբույժը եկել էր Հայաստան հանգստանալու ու հանդիպել իր ազգականներից մեկին, որի մոտ տեղի բժիշկներից մեկը թոքերի քաղցկեղ էր ախտորոշել ու ընդամենը մեկ ամսվա կյանք տվել՝ այն էլ քիմիաթերապիայի կուրս անցնելու դեպքում: Ղազարյանը կասկածել է այդ ախտորոշմանը ու իր ազգականին տարել ավելի մանրակրկիտ հետազոտության: Պարզվել է, որ նրա մոտ թոքի ստորին հատվածի թոքաբորբ է: Այն բժիշկը, որը սխալ ախտորոշում էր արել, որի անունը Տիգրան Ղազարյանը հրաժարվեց տալ, նրա խոսքով արդեն լքել է Հայաստանը: Իսկ ահա Ղազարյանի համար այդ դեպքը ազդակ է ծառայել, որ սկսի իր նախագիծը:

Մոսկվացի բժիշկը պատմեց, որ մինչ այդ ամենը սկսելը ինքը բաց նամակով դիմել է Հայաստանի Կառավարությանը, որում նշել է, որ օգնություն չի ակնկալում, բայց եթե ցանկանան օգնել՝ ինքը դեմ չի լինի: Իսկ եթե չօգնեն, ապա թող գոնե չխանգարեն: Տիգրան Ղազարյանի խոսքով ինքը պատասխան չի ստացել:

Առայժմ Տիգրան Ղազարյանը նախագիծը ֆինանսավորում է իր անձնական միջոցներից, բայց նախագծի ծրագրերից է բարեգործական համերգների անցկացումը: Մասնավորապես պայմանավորվածոթյուն է ձեռք բերվել Մարիամ Մերաբովայի համերգը Մոսկվայում կազմակերպելու վերաբերյալ, որից ամբողջ հասույթը կհատկացվի «Միավորված Հայաստանի բժիշկներ» նախագծին: Համերգի ընթացքում կկայանա նաեւ հայ ծնողազուրկ երեխաների նկարների աճուրդ: Վաճառքից ստացված գումարը հենց երեխաներին կտրամադրվի:

Որպես բազա, որտեղ ընդունելու են հիվանդներին, Տիգրան Ղազարյանի խոսքով ընտրվել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցը: Այդ մասին ձեռք է բերվել պայմանավորվածություն ԼՂՀ առողջապահության նախարար Նարինե Աթայանի հետ: Ընդ որում նախագիծը հիվանդանոցին վճարելու է ախտորոշման, վիրահատարաններն ու հիվանդասենյակները օգտագործելու համար եւ այլն:

Նախագծի մեկնարկը կտրվի 2016-ի հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում «Ղարաբաղյան պատերազմներից հետո հետտրավմատիկ համախտանիշ» թեմայով գիտաժողովի անցկացումով, որը կազմակերպվել է «Միավորված Հայաստանի բժիշկների» ու «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի (Ստեփանակերտ) համատեղ ջանքերով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել