• Latest news

10 հետաքրքիր փաստ Հայաստանում ծխելու մասին

12 հոկտեմբերի, 2016  22:36

Այսօր Հայաստանում նշվում է Ծխելու դեմ պայքարի ազգային օրը, որի կապակցությամբ NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում ծխելու մասին հետաքրքիր փաստեր հայաստանյան վիճակագրությունից:

1. Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց 53%-ը կանոնավոր ծխողներ են` ըստ 2016թ. անցկացրած հետազոտության: Ամենաշատ ծխողները 25-ից 30 տարիքային խմբում են. այդ տարիքի տղամարդկանց 60%-ը ծխում է:

2. Երեւանում կանանց 7-8%-ը ծխում է, մարզերում, սակայն, ծխող կանայք ավելի քիչ են: Հայաստանում ծխող կանանց թիվը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տվյալներով, վերջին 20 տարիների ընթացքում աճել է 3 անգամ:

3. Հայաստանում 17-ամյա դեռահասների 26%-ը կանոնավոր ծխող է, 11 %-ը փորձել է ծխել առնվազն մեկ անգամ` ըստ «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծը Հայաստանում» հետազոտության: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ծխող երեխաների մեծամասնությանը թվում է, թե ծխելն իրենց դարձնում է ավելի մեծ, ուժեղ եւ գրավիչ հասակակիցների աչքում: Ընտանիքը եւ շրջապատը եւս մեծ դեր են խաղում այս հարցում:

4. Հայաստանում 20 խոշոր հարկատուներից, Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի տվյալներով, միայն մեկն է արտադրում ինչ-որ բան, այն էլ՝ ծխախոտ:

5. Հայաստանում ծխախոտը մոտավորապես 5 անգամ էժան է, քան շատ այլ երկրներում: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` դա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ այդ ոլորտում հարկերը դեռեւս մեծ չեն, այլ նաեւ որ երբեմն օրիգինալի անվան տակ վաճառում են կեղծված ծխախոտներ` արտադրված անհայտ մեկի ավտոտնակում:

6. Եթե Հայաստանում ծխախոտը թանկանա, մոլի ծխողներից շատերը, իրենց կարծիքով, միեւնույն է չեն թողնի ծխելը. NEWS.am Medicine-ի հարցման համաձայն` հայ ծխողների մեծամասնությունը գերադասում է քաղցած մնալ, քան հրաժարվել ծխելուց:

7. Հայաստանում վաճառվող ծխախոտի տուփերի վրա դեռեւս պատկերված չեն սարսափելի նկարներ, որոնք ցույց կտան, թե ինչպիսի հիվանդություններ կարելի է ձեռք բերել ծխելու հետեւանքով:

8. Հայաստանում ամեն տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների մոտավորապես 55.000 նոր դեպք, որոնց հիմնական մեղավորներից մեկը համարվում է ծխելը:

9. Հայաստանում ամեն տարի գրանցվում է թոքերի քաղցկեղի 1300-1500 նոր դեպք: Օրինակ, 2015 թվականին երկրում գրանցվել է այդ տիպի քաղցկեղի 1353 նոր դեպք, իսկ վերջին 5 տարիների ընթացքում` 6180: Հիվանդների 90%-ը ծխողներ են:

10. Ըստ NEWS.am Medicine-ի հարցման տվյալների` Հայաստանի բնակչության 87%-ը կողմ է, որ հանրային վայրերում սահմանվի ծխելու արգելք: Սակայն նման արգելք, չգիտես ինչու, չի սահմանվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է