• Latest news

Կորած աուտիստ տղայի մայրը դիմել է բախտագուշակներին եւ վստահ է՝ նա ողջ է

10 օգոստոսի, 2018  13:51

Հասմիկ Հարությունյանը՝ կորած աուտիզմով տղայի մայրը, կարծում է, որ իր որդին ողջ է եւ գտնվում է ինչ-որ մարդկանց մոտ, որոնք նրան չեն վերադարձնում պատասխանատվության ենթարկվելու վախից:

Օգոստոսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հասմիկ Հարությունյանը պատմեց, որ եղել է մի քանի աստղագուշակների եւ բախտագուշակների մոտ, եւ նրանք բոլորը մի բանում համակարծիք են՝ իր որդին ողջ է: Նա խոստովանեց, որ հավատում է այդ կանխագուշակություններին, քանի որ որպես մայր ներքուստ նույնն է զգում: Հարությունյանը վարկած առաջ քաշեց, որ իր որդին գտնվում է մեկ կամ մի քանի մարդկանց մոտ, սակայն նրանք վախենում են նրան վերադարձնել՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու մտավախություն ունենալով:

«Ես խոստանում եմ, որ բողոք եւ պահանջ չեմ ներկայացնի, որ գործին ընթացք չեմ տա, միայն ինձ վերադարձրեք որդուս»,- ասաց նա՝ դիմելով նրանց, ովքեր, իր կարծիքով, կարող են պահել Հայկ Հարությունյանին:

Տղայի մայրը ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ իր որդին ընդհանրապես չի խոսում եւ կարող է անծանոթ մարդու մոտենալ՝ գայթակղվելով վառ պիտակներով կամ փաթեթներով: Դրանից բացի, նա ուշադրություն է դարձնում նկարներին եւ նկարազարդումներին, սիրում է, երբ իր համար բարձրաձայն ընթերցում են Աստվածաշունչը:

Միաժամանակ, նրա խոսքով, նա տառապում է աուտիզմի ագրեսիվ ձեւով եւ կարող է անգամ ուժ կիրառել, եթե իրեն ինչ-որ բան դուր չգա: Ագրեսիայի նման դրսեւորումների հետ բախվել է նույնիսկ նրա հայրը: Ըստ որում՝ դեռահասը վախի զգացում չունի, նա ճանապարհի ուղեմասում ոչ մի կերպ չի արձագանքում երթեւեկող ավտոմեքենաներին:

Հարությունյանը տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքների սկզբում ոստիկանական շունը իրավապահներին դուրս էր բերել Արարատ տանող ճանապարհ, եւ սրանով էլ նրա որդու հետքերը կտրվում են: Ինչպես նշվեց, մինչեւ հիմա կառչելու ոչ մի բան չկա, ինչը դեռահասի որոնումները դժվարացնում է: «Մենք չգիտենք, թե կոնկրետ որտեղ փնտրենք»,- ասաց նա՝ հավելելով, որ իրավապահ մարմինների հետ մշտական կապ է պահպանում:

Նրա խոսքով՝ Հայկ Հարությունյանը մինչ այդ էլ է տանից փախել, սակայն մի քանի ժամ հետո անպայման վերադառնում էր: 

Ինչ վերաբերում է «Սպանություն» հոդվածով քրեական գործի հարուցմանը, ապա դեռահասի մայրը նշեց, որ այս ընթացակարգը օրենսդրությամբ է նախատեսված, եւ ո՛չ իրեն, ո՛չ իր ընտանիքի մյուս անդամներին ոչ մի մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը Այնթապ գյուղի իրենց տնից դուրս է եկել հունիսի 8-ին, ժամը մոտ 17։00-ին։ Նա կանաչ վերնաշապիկով է, կիսատաբատով, քայլում է բոբիկ, չի խոսում, մարդկանց հետ շփումներից խուսափում է։ Մինչեւ հիմա տարբեր տեղեկություններ են ստացվել այն մասին, թե նրան որտեղ են տեսել, սակայն այսօրվա դրությամբ որոնողական աշխատանքները անարդյունք են: Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է