16-ամյա Քեյթլին Լիթլը Հյուսիսային Կարոլինայից ինչ-որ բանով նման է «50 առաջին համբույր» ֆիլմի հերոսուհուն։ Առավոտյան արթնանալով՝ նա մոռանում է նախորդ օրվա բոլոր իրադարձությունները։ Հիշողության հետ կապված խնդիրներն սկսվել են մարզումների ժամանակ գլխին ստացած հարվածից հետո. այդ օրվանից նրա մոտ նոր հիշողություններ չեն ձեւավորվում։
Քեյթլինը տառապում է հակառետրոգրադ ամնեզիա կոչվող խանգարմամբ, ինչի պատճառով նրա մոտ նոր հիշողություններ չեն ձեւավորվում։ Նա հիշում է վաղ անցյալի դեպքերը, բայց նորերը նրա գլխում պարզապես չեն առաջանում։ Ամեն գիշեր նրա ուղեղը ասես վերալիցքավորվում է եւ, արթնանալով, նա չի հիշում, թե շաբաթվա որ օրն է այսօր, ինչ դասերի պետք է գնա եւ անգամ ինչպես բացել մեքենայի դուռը, որը նրա ընտանիքը գնել է մեկ տարի առաջ։
2017 թվականի հոկտեմբերին Քեյթլինը մասնակցում էր ընդհատ տեղանքում տեղի ունեցող մրցավազքին եւ պատահաբար գլխին հարված է ստանում իր թիմակցից։ Ծնողները նրան հոսպիտալ են տանում, որտեղ ախտորոշում են ուղեղի ցնցում։ Բժիշկները խոստանում են, որ 3 շաբաթում աղջկա հիշողությունը կկարգավորվի։
Բայց այդ ժամանակվանից ի վեր արդեն մեկուկես տարի է անցել, իսկ Քեյթլինի հիշողությունը բավականացնում է միայն հաջորդ 12 ժամվա համար։ Ամեն առավոտ աղջիկը նորից վերադառնում է այդ նույն հոկտեմբերյան օրը 2017-ին։
Բուժման առկա մեթոդները նրան չեն օգնել։ Ներկայում նա մասնակցում է նոր փորձնական բուժման Տեխաս նահանգի բուժկենտրոններից մեկում։ Դրա հեղինակները հույս ունեն, որ կօգնեն Քեյթլինին վերականգնել հիշողությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր