• Latest news

Գարեջրի 7 առողջարար հատկանիշների մասին

21 հուլիսի, 2014  18:06

Տղամարդիկ դեռւես հազարամյակներ առաջ ամռան տապին նախընտրել են գարեջուր խմել, հիշեցնում է NewsMax Health-ը:

Ոչ ոք չի կարող ասել, թե ովքեր են այս հրաշք-խմիչքի գյուտի հեղինակները, չնայած որոշ պատմաբաններ պնդում են, որ այն Միջագետքում՝ շումերների ջանքերով է սկիզբ առել: Իսկ Պլատոնն ասում էր, թե «ով էլ դրա հեղինակը լինի՝ իմաստուն մարդ է եղել»: Երեւի հույն փիլիսոփան դեռ վաղուց գիտեր այն, որ դարեր անց ժամանակակից գիտությունն է ապացուցելու. գարեջուրը, վիտամինների եւ հակաօքսիդանտների հաշվին, մարդու մտավոր կարողություններին խթան հաղորդելու, տարբեր հիվանդություններից պաշտպանելու եւ կյանքը երկարացնելու հատկություն ունի:

Ստորեւ գարեջրի 7 առողջարար հատկանիշներն ենք ներկայացնում.

• Օստեոպորոզ. Թաֆթի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի ջանքերով իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ գարեջրի բաղադրության մեջ մտնող միներալներից մեկը՝ սիլիցիումը, ոսկրին ամրություն հաղորդելու հատկություն ունի: Այդուհանդերձ, տղամարդկանց խորհուրդ է տրվում օրական առավելագույնը երկու շիշ վայելել (կանանց՝ մեկ), քանի որ գարեջրի չարաշահումն, իր հերթին, կարող է ոսկրային կոտրվածքի խթան հանդիսանալ:

 • Արթրիտ. Հարվարդի համալսարանականները պարզել են, որ պարբերաբար շաբաթական մի քանի շիշ գարեջուր օգտագործող մարդկանց մոտ ռեւմատոիդ արթրիտի առաջացման ռիսկը, հրաշք-խմիչքից հրաժարվողների հետ համեմատությամբ, 31 տոկոսով ցածր է: Այդուհանդերձ, շվեդ գիտնականների նախաձեռնությամբ իրականացված վերլուծություններն առավել դրամատիկ արդյունքներ են գրանցել: Խոսքը շաբաթական երեք շիշ գարեջրի շնորհիվ հիվանդության առաջացման ռիսկի՝ 52 տոկոսով նվազեցմանն է վերաբերում:

 • Ինֆարկտ եւ ինսուլտ. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գարեջուրը բարձր խտության լիպոպրոտեինների կամ լավ խոլեստերինի աճ է խթանում, ինչի արդյունքում էլ՝ ինֆարկտի կամ ինսուլտի առաջացման ռիսկի 40 տոկոսով նվազեցում ապահովում: Հույն գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ, օղու համեմատ, գարեջուրը տղամարդու զարկերակներին ճկունություն հաղորդելու առավել արդյունավետ միջոց է հանդիսանում եւ ինսուլտի առաջացման վտանգի 20 տոկոսով նվացեցման հանգեցնում: Խոսքը, բոլոր դեպքերում, խմիչքի չափավոր օգտագործման մասին է:

 • Երիկամային քարեր. ֆինն գիտնականներն ապացուցում են, որ օրական մեկ շիշ գարեջուր խմելով կարելի է տղամարդու մոտ երիկամային քարերի առաջացման ռիսկի 20 տոկոսով նվազեցման հասնել: Պատճառահեւանքային կապի հստակ մեխանիզմը գիտնականներին հայտնի չէ, սակայն գաղտնիք էլ չէ, որ ջրազրկումից խուսափելու պարագայում օրգանիզմը երիկամային քարերի առաջացման համար պատասխանատու կալցիումի արտադրությունը կարգավորելու հատկություն ունի:

• Քաղցկեղածին նյութեր. բարձր ջերմաստիճանի պայմաններում խորովվելու դեպքում միսը կանցերոգներ հատկություններ ունեցող պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ արտազատելու հատկություն ունի, սակայն նախապես գարեջրի մեջ մարինացման դեպքում կարելի է գործընթացի թուլացման հասնել: Մասնավորապես, պորտուգալացի գիտնականները պարզել են, որ մուգ գարեջուրը կոլորեկտալ քաղցկեղի առաջացման սպառնալիք ներկայացնող պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների արտազատման թիվն առնվազն կիսով չափ կրճատելու հատկություն ունի:

• Թուլամտություն. բազմաթիվ հետազոտություններ հաստատել են, որ թույլամտության եւ, մասնավորապես, Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը ուղեղի հյուսվածքներում ամրագրված հիշողությունը ոչնչացնելու հատկություն ունեցող ալյումինն է, ինչը, գարեջրի մեջ առկա սիլիցիումի բաղադրության շնորհիվ, օրգանիզմի կողմից մեծ ծավալներով ներծծման հնարավորություն չի ստանում: 

 • Շաքարախտ. 35 հազար մասնակիցների շրջանում իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ գարեջրի չափավոր սիրահարները երկրորդ տիպի շաքարախտի առաջացման վտանգը 65 տոկոսով նվազեցնելու հնարավորություն են ստանում:

 Բացի այդ, չի բացառվում նաեւ, որ գարեջուրը կյանքը երկարացնելու ներուժ ունի: Վարկածի համար հիմք են ծառայում որդերի վրա իրականացված փորձարկումները, որոնց ընթացքում գարեջրի ազդեցությանը ենթարկված կենդանիները կրկնակի երկար կյանք են ապրել: Ճիշտ է՝ դա դեռ չի նշանակում, որ նույն ազդեցությունը անպայմանորեն կարող է մարդու վրա տարածվել, սակայն ի՞նչ իմանաս՝ միգուցե եւ տարածվում է:

Համենայն դեպս, այսքանից հետո ո՞վ կարող է չհամաձայնել հանրահայտ դերասան Ջեկ Նիկոլսոնի հետ, ով գարեջուրը «լավագույն գրողի տարած խմիչքն» է համարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է