• Latest news

Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից

21 օգոստոսի, 2014  12:56

Սննդային թունավորման տեսակետից ամռանը մեծ վտանգ են պարունակում կրեմով թխվածքներն ու մայոնեզով կամ թթվասերով համեմված աղցանները, իսկ ձմռանը՝ տնային պայմաններում պատրաստված պահածոները։ Այս մասին օգոստոսի 21–ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱՆ Առողջապահության տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանն է խոսել։

Ըստ նրա, սննդային թունավորումը պայմանավորվում է ախտածին մանրէներով կամ նրանց թույներով։ Ախտանշաններն են. փսխումը, փորլուծությունը, բարձր ջերմությունը, բոտուլիզմի դեպքում՝ փորկապությունը, երկտեսությունը, եւ այլն։ Բոլոր այս ախտանշանների ի հայտ գալու դեպքում հարկավոր է բժշկի օգնությանը դիմել, նշել է մասնագետը։

Ըստ Մարգարիտա Բաբայանի, թունավորումներից խուսափելու համար պետք է սննդի հիգիենայի եւ պահպանման կանոններին հետեւել։ Մասնավորապես, միրգն ու բանջարեղենը, այդ թվում նաեւ՝ սեխն ու ձմերուկը, օգտագործելուց առաջ լավ լվանալու կարիք են զգում։ Լավ լվանալ է պետք նաեւ տախտակն ու դանակը, որոնք օգտագործվում են, մասնավորապես, մսի մշակման համար։

Սննդի պատրաստման եւ պահպանման ջերմային ռեժիմը եւս չափազանց կարեւոր է։ Ամռանը սնունդը պետք է սառնարանում պահել, ընդ որում, պատրաստի եւ հում ուտելիքները պետք է սառնարանի տարբեր բաժիններում պահվեն։

Անհրաժեշտ է նաեւ սննդամթերքի պահպանման ժամկետներին հետեւել։ Կրեմով հրուշակեղենը կարելի է սառնարանում պահել, բայց 6 ժամից ոչ ավելի։ Աղցանները եւս շատ երկար չի կարելի սառնարանում պահել, հատկապես՝ մայոնեզով համեմված վիճակում։ Ընդհանրապես, ըստ մասնագետի, աղցանները խորհուրդ է տրվում ուտելուց անմիջապես առաջ համեմել։ Նույնքան խստապահանջ պետք է նաեւ խանութում սննդամթերք գնելիս լինել, որպեսզի այն ժամկետանց չլինի։

Ինչ վերաբերում է պահածոներին, Մ. Բաբայանը խորհուրդ է տալիս տնային պայմաններում ընդհանրապես հրաժարվել այդ պրակտիկայից, եւ փոխարենը բանջարեղենը սառեցնել կամ չորացնել։ Գործարանային արտադրության պահածոները, ըստ նրա, տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված, վտանգ չեն պարունակում։ Անվտանգ են նաեւ մուրաբաները, քանի որ շաքարի բարձր բաղադրությունը մանրէներին զարգանալու հնարավորություն չի ընձեռում։ Նույնը կարելի է նաեւ աղի բարձր բաղադրության մասին ասել, ինչի արդյունքում տնական պայմաններում պատրաստված թթուն կարող է անվնաս համարվել։

Ինչ վերաբերում է արագ սննդի կետերին, մասնագետը խորհուրդ է տալիս շրջանցել դրանք, հատկապես՝ ամռան տապի պայմաններում, քանի որ այնտեղ չեն պահպանվում սննդի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը։ Շոգին դիմակայելու համար մասնագետը խորհուրդ է տալիս խմել 2-3 լիտր ջուր, ոչ սառը, եւ չմոռանալ անձնական հիգիենայի մասին՝ ձեռքերը լվանալ որքան հնարավոր է հաճախ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է