• Latest news

Էժան, հասանելի դեղեր կամ ինչպես «գումարը ջուրը չգցել»

16 ապրիլի, 2024  19:23

Դեղը ախտորոշման, խնամքի, բուժման կամ հիվանդությունների կանխարգելման նպատակով օգտագործվող նյութ է, որը պետք է անցնի համապատասխան վերահսկողություն` արտադրության պահից մինչև կիրառումը։ Դեղերի վաճառքը, սպառումը իրականացվում են հատուկ մասնագիտացված,  լիցենզավորված կետերում՝ դեղատներում կամ դեղատնային կրպակներում։ 

428b73c4787fdc5a80f97f35c5ae8c67.jpg (169 KB)

Այսօր դեղերը հասանելի են դարձել նաև առցանց կամ նույնիսկ հեռախոսային զանգի միջոցով։ Այս ծառայությունը մատուցվում է հիմնականում  անհատների կողմից, որոնք հաճախ  չունեն դեղերի ներկրման և/կամ վաճառքի իրավունք։

Առցանց կամ հեռախոսային զանգերով դեղերի ձեռք բերումը, թվում է, հեշտացրել է պացիետների կյանքը։ Սակայն դա ամենևին այդպես չէ։ Այո՛, դա արագացնում է գործընթացը, բայց արդյո՞ք ձեռք եք բերում արդյունավետ, ավելին՝ անվտանգ դեղ։  Դեղ փնտրելիս կարելի է դրա մոտավոր անվանումը գրել որոնողական համակարգերում և այն «իր ոտքով» կհասնի ձեզ։

Արդյո՞ք դեղամիջոցի ձեռքբերման նման տարբերակն ավելի արագ է՝ այո։ Ավելի էժան և մատչելի՞՝ թվում է, թե՝ այո։ Ավելի  արդյունավե՞տ ․․․ պատասխանն ուշանում է։ Ավելի անվտա՞նգ՝ միանշանակ Ո՛չ։

Դիտարկենք, թե ինչու են այս հարցերի պատասխանները դառնում բացասական

Մինչև դեղատուն հասնելը, դեղը երկար ճանապարհ է անցնում։ Եթե այն լիներ հեշտ և անվտանգ, դեղատների գործունեության համար լիցենզիա չէր պահանջվի, դեղ արտադրողներն ու ներմուծողներն էլ չէին անցնի համապատասխան սերտիֆիկացում, կարիք չէր լինի դեղը երկրում գրանցելու՝ դրա անվտանգությունն ապահովելու համար։ 

Շուկայում դեղի հայտնվելը սկսվում է դրա պահանջարկից։ Եթե կա որևէ դեղամիջոցի կարիք,  դեղ արտադրողները կամ դեղ ներմուծողները դիմում են երկրի համապատասխան մարմիններին՝ ապացուցելով  դրա գրանցման անհրաժեշտությունը, ներկայացնելով դեղի արտադրության մասին տեղեկություն, ինչի հիման վրա այն ստանում է իր գրանցման հաստատումը։

рег ТМ.jpg (45 KB)

Ցանկացած երկիրն ունի իր դեղացանկը, որտեղ գրանցվում են գրանցման հաստատում ունեցող դեղերը, որոնց վաճառքը թույլատրված է։ Գրանցված դեղերը ներկրելիս իրականացվում է դրանց իսկության ստուգում։ Այսպիսով դեղն իր ողջ ուղու ընթացքում՝ արտադրությունից մինչև վերջնական սպառում, գտնվում է վերահսկողության ներքո, որպեսզի սպառողը, այս դեպքում պացիենտը, համոզված լինի, որ կիրառում է արդյունավետ և անվտանգ միջոց։

istock-1490244818.jpg (333 KB)

refrigerator_.jpg (68 KB)

Պահանջարկի մեծացման հետ զուգահեռ,  բնականաբար,  աճում է նաև առաջարկը, և գործի մեջ են մտնում անբարեխիղճ դեղառաջարկողները, որոնք առաջարկում են ինչպես չգրանցված, այնպես էլ՝ գրանցված, բայց ապօրինի ներկրված դեղեր։ Այս ճանապարհով  առաջարկվող դեղերը սովորաբար շրջանցում են թվարկված վերահսկման ուղիները, ուստի այդ դեղերի պարունակությունը, արդյունավետությունն ու անվտանգությունը կասկածելի են։   

Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դեղը, եթե այն հասնում է սպառողին՝ շրջանցելով վերահսկման ուղին

Արտադրության պահից սկսած արտադրող կազմակերպությունները ապահովում են դեղի համար տեղափոխման, պահման հատուկ պայմաններ, որպեսզի ճանապարհին դեղը չկորցնի ազդեցությունը և մնա անվտանգ։ Կան դեղեր, որոնք պահանջում են տեղափոխման և պահպանման հատուկ պայմաններ ողջ ուղու ընթացքում․ օրինակ՝ հատուկ ջերմային ռեժիմ (2–8°C), կամ արևի, լույսի ճառագայթներից, խոնավությունից պաշտպանություն:

tm9.500x500.jpg (10 KB)

Լույսի ազդեցությունից, ջերմային տատանումներից կարող են առաջանալ փաթիլներ, լուծույթը պղտորվում է, առաջանում է նստվածք, փաթեթավորման խախտման հետևանքով ստեղծվում է վնասակար բակտերիաների առաջացման միջավայր։

6930.jpg (45 KB)

Դա նշանակում է, որ այս պայմանները խախտելու դեպքում դեղի պարունակությունը փոխվում է, և կիրառելիս այն դառնում է ոչ միայն  անարդյունավետ, այլ նաև ունենում է կողմնակի ազդեցության զարգացման բարձր վտանգ, անգամ մահվան ելքով։

maxresdefault (1).jpg (72 KB)

Սոցցանցերում և հեռախոսներով դեղ առաջարկողները չեն կարող ապացուցել դրանց անվտանգ ներկրումը, երաշխավորել որակը։ Եղել են դեպքեր, երբ արձանագրվել է առանց փաթեթի, անգամ ներարկիչի մեջ լցված դեղերի վաճառք:

Դեղի տեղափոխման և ներկրման պայմանները սառցաբեկորի միայն վերին մասն է, դրա ստորջրյա մասն ավելի մեծ է։ Դեղի ապօրինի ներկրումը և վաճառքը լավ միջավայր է ստեղծում կեղծված դեղերը սպառելու համար։ Դեղի կեղծումը՝ ֆալսիֆիկացիան, այսօր դարձել է արագ հարստանալու միջոց։

pill.png (53 KB)

Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, զարգացող երկրներում ամեն տասներորդ դեղը կեղծված է: Դա նշանակում է, որ այդ դեղերը չունեն ոչ բուժիչ, ոչ էլ կանխարգելիչ ազդեցություն։ Բայց դա դեռ ամենը չէ, կեղծված դեղերի առկայությունը բերում է ֆինանսական միջոցների վատնման։ Բացի այդ, դրանք կարող են լուրջ կողմնակի ազդեցութուններ ունենալ, անգամ հանգեցնել մահվան։

Իսկ ինչպե՞ս է ձևավորվում կեղծված դեղերի շուկան և ինչպես է այն գործում

Կեղծվում են բարձր պահանջարկ, ինչպես նաև բարձր գին ունեցող դեղերը, օրինակ՝ հակաբիոտիկները, սիրտանոթային հիվանդությունների բուժման համար կիրառվող դեղերը և այլն։ Վերջերս հայտնաբերվել են ուռուցքաբանական պրակտիկայում կիրառվող կեղծ դեղեր, որը նույնպես պայմանավորված է դրանց պահանջարկի ավելացումով։ Հայտնի է, որ ուռուցքաբանական դեղերը բավականին թանկ են, կիրառվում են երկարաժամկետ։ Ուռուցքաբանական կեղծ դեղի կողմնակի ազդեցությունը կարող է կոծկվել հիվանդության ընթացքով պայմանավորված բարդություններով, դժվարացնելով դեղի կողմնակի ազդեցության, դրանց անարդյունավետության բացահայտումը, բուժման հետագա մոտեցման ընտրությունը։

Ապօրինի ներկրված դեղերը առաջարկվում են շուկայականից բավական էժան գնով, պացիենտին «իրենց դաշտ» բերելու համար։ Իսկ որքանո՞վ են դրանք էժան։ Դատեք ինքներդ, եթե առաջարկվող դեղի պարունակությունը լավագույն դեպքում կարող է լինել ֆիզիոլոգիական լուծույթ, իսկ վատագույն դեպքում՝ որևէ ավելի մատչելի դեղ, որը կարող է նույնիսկ ցուցված չլինել, կամ հակացուցված լինել տվյալ պացիենտին: Ստացվում է, որ թանկարժեք, մի քանի հարյուր հազար դրամ արժողությամբ դեղը պացիենտին հասանելի է դառնում ավելի մատչելի գնով, նույնիսկ երկու անգամ էժան, բայց արդյո՞ք սրվակը պարունակում է հենց անհրաժեշտ դեղը։  Արդյո՞ք սա էժան և հասանելի է․․․․։ Այս պարագայում պետք է հիշել, որ ուռուցքաբանական խնդիրներ ունեցող պացիենտի համար առավել արժեքավոր է ժամանակը, որը այս պարագայում ծախսվում է անարդյունավետ բուժման վրա։ Ստացվում է,  որ պացիենտը վատնում է՝ գցում է ջուրը, ոչ միայն ֆինանսական միջոցները, այլ նաև՝ ժամանակը։  

 Իսկ ինչպե՞ս է հնարավոր խուսափել կեղծ, անորակ դեղերի ձեռք բերումից

դդ.png (123 KB)

  • Դեղերը պե՛տք է ձեռք բերել միայն արտոնագրված դեղատներից։
  • Խուսափե՛ք դեղը ձեռք բերել առցանց կամ հեռախոսազանգերով, մի’ գայթակղվեք էժան գնով, հնարավոր է ձեզ վաճառվի անորակ կամ կեղծ դեղ․
  • Ստուգե՛ք դեղի ՀՀ գրանցված լինելը հաստատված դեղերի ցանկում, ԱՆ www.moh.am կայքում, կամ Դեղերի և բժշկական պարագաների փորձագիտական կենտրոնի pharm.am կայքում։ Այստեղ կարելի է գտնել դեղերի արտաքին փաթեթավորումը, ներդիր թերթիկը և դեղերի ընդհանուր բնութագիրը։
  • Եթե դեղը գրանցված չէ, բայց այն ձեզ անհրաժեշտ է , օգտվե՛ք ՀՀ-ի «Դեղերի մասին» օրենքից, որը հնարավորություն է տալիս պատշաճ ձևով կազմակերպել չգրանցված դեղի ներկրումը ՀՀ Ձեր պատվերով։
  • Գնելիս, ստուգե՛ք դեղի արտաքին փաթեթավորումը, պիտանելիության ժամկետը։ Մի՛ գնեք դեղը, եթե փաթեթը վնասված, թրջված կամ գունաթափված է, դա խոսում է դեղի տեղափոխման և պահմպանման կանոնների խախտման մասին։
  • Պահանջե՛ք դեղատնից ՀԴՄ կտրոնը։ Չարտոնագրված դեղերի վաճառքի դեպքում ՀԴՄ կտրոնը չի պարունակում վաճառված դեղի անունը։

Մնացե՛ք առողջ և եղեք զգոն․ մի՛ վատնեք ձեր միջոցները ապարդյուն, դուք դրա ժամանակը չունեք։

 

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել