• Latest news

6 մոլորություն՝ պատվաստանյութերի մասին

13 սեպտեմբերի, 2014  20:41

Որքան էլ որ պատվաստանյութերը կարեւոր նշանակություն ունեն բժշկության մեջ եւ կարող են իմունային համակարգի խթանման միջոցով մի շարք հիվանդությունների, ներառյալ գրիպի դեմ պրոֆիլակտիկ պայքարի գերարդյունավետ միջոց ծառայել, բնակչության շրջանում քիչ չեն նաեւ մոլորությունները՝ դրանց մասին: Ստորեւ պատվաստանյութերի վերաբերյալ շրջանառվող առասպելներից 6-ն ենք ներկայացնում, որոնց փարատումը կարեւորագույն նշանակություն ունի.

Մոլորություն 1. Չափահաս տարիքում պատվաստանյութ ստանալու կարիք չի զգացվում:

Ճշմարտություն. Թեեւ պատվաստանյութերի մեծ մասը մանկական տարիքում են նշանակվում, քիչ չեն նաեւ այնպիսիները, որոնք չափահաս մարդկանց համար կարեւոր նշանակություն ունեն: Խոսքը, մասնավորապես, կարկամախտի, դիֆտերիայի եւ կապույտ հազի դեմ վակցինացիային է վերաբերում, ինչը ժամանակ առ ժամանակ թարմացման կարիք ունի: Իսկ ահա գրիպի դեմ պատվաստանյութերը սովորաբար տարին մեկ են նշանակվում: Անկախ տարիքից, հերթական բժշկական հետազոտություններն անցնելիս, մասնագետը պետք է տեղեկություններ ունենա այն բոլոր պատվաստանյութերի մասին, որոնք նախկինում եք ստացել եւ, ենթադրաբար, վակցինացիայի առաջիկա պլանը կազմի: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը եւս, օրինակ՝ արտասահման մեկնողների համար, ժամանակ առ ժամանակ կարող է որոշ պատվաստանյութերի ստացում առաջարկել: 

Մոլորություն 2.  Պատվաստանյութ ստանալուն պես կոնկրետ հիվանդության դեմ ավտոմատ կերպով դիմադրողականություն ձեռք բերվում

Ճշմարտություն. Ինչպես նշեցինք՝ պատվաստանյութերը բարձր արդյունավետությամբ են աչքի ընկնում, բայց դա դեռ չի նշանակում, որ բոլորի համար կարող են 100 տոկոսով արդյունավետ լինել: ԱՄՆ առողջապահության նախարարության գնահատմամբ, երկրում կիրառվող վակցիոնացիոն միջոցների մեծ մասը, դիմադրողականության խթանման առումով, 90-100 տոկոս արդյունավետություն ունեն: Այդուհանդերձ, մի մոռացեք, որ մարդկու իմունային համակարգը երբեք միանման չի լինում. որոշ դեպքերում այն կարող է զերծ մնալ անհրաժեշտ պաշտպանությունից:

Մոլորություն 3. Պատվաստանյութը հիվանդություն է առաջացնում

Ճշմարտություն. Ճիշտ է՝ պատվաստանյութերը կոնկրետ հիվանդության կամ ինֆեկցիայի դեմ իմունային համակարգի պաշտպանունակությունը խթանելու նպատակով են նշանակվում եւ կարող են թույլ ախտանշաններ կամ մեղմ ցավ հարուցել: Այդուհանդերձ, դրանք ոչ մի առնչություն չունեն այն հիվանդության հետ, որից պաշտպանվել եք: Չնայած, որոշ մարդկանց պարագայում, թեեւ խիստ հազվադեպ, պատվաստանյութերը կարող են նաեւ ալերգիկ ռեակցիա հրահրել:

Ինչեւիցէ, վակցիոնացիոն միջոցները, մեծ ի մասամբ, անհամեմատ ավելի մեծ օգուտ են բերում, քան՝ վնաս:

Մոլորություն 4. Նոր պատվաստանյութերը վտանգավոր են

Ճշմարտություն. Նախքան հասանելի դառնալը ցանկացած տեսակի պատվաստանյութ լուրջ հետազոտությունների եւ փորձարկումների է ենթարկվում՝ համոզվելու համար, որ անվտանգ եւ արդյունավետ է: Ու թեեւ դրանք էլ չեն կարող կոնկրետ պատվաստանյութի բոլոր հնարավոր հետեւանքները կանխատեսել, գործնականում գրեթե միշտ հիշյալ չափանիշների վերահսկման արդյունավետ միջոց են ծառայում:

Մոլորություն 5. Հղի ժամանակ պատվաստանյութ ընդունել չի կարելի

Ճշմարտություն. Որոշ պատվաստանյութեր բացարձակապես անվտանգ են՝ հղիության ընթացքում ընդունման համար: Խոսքը, մասնավորապես, կարկամախտի, դիֆտերիայի եւ կապույտ հազի դեմ վակցինացիային է վերաբերում: Իսկ ահա գրիպի դեմ մշակվածները նույնիսկ խորհուրդ են տրվում հղի կանանց: Պարզապես հարկավոր է նախապես համոզվել, որ ժամկետանց չեն: Այդուհանդերձ, գոյություն ունեն պատվաստանյութեր, ներառյալ՝ ԿԿԽ-ն (կամրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ), որոնք հակացուցված են հղիներին: Այնպես որ, նույնիսկ եթե ընդամենը հղիության եք պատրաստվում, վակցինացիոն պլանի շուրջ հարկավոր է նախապես մասնագետի հետ խորհրդակցել:

Մոլորություն 6. Եթե հիվանդությունն այլեւս գոյություն չունի, երեխաներն էլ կարիք չունեն՝ դրա դեմ պատվաստման

Ճշմարտություն. Պատվաստանյութերի շնորհիվ բազմաթիվ հիվանդություններ այլեւս հաղթահարված կարող են համարվել, բայց ոչ ամենուրեք: Որոշ երկրներում դրանք, դժբախտաբար, դեռեւս գոյություն ունեն: Այնպես որ եթե երեխաները դադարեն հիշյալ հիվանդությունների դեմ պատվաստանյութ ստանալ, նոր համաճարակի վտանգ կարող է առաջանալ:

Միակ բացառությունը ծաղիկն է: Այն լիովին ոչնչացված է համարվում եւ, հետեւաբար, երեխաներն էլ դրա դեմ պատվաստանյութ ստանալու կարիք այլեւս չունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել