• Latest news

Մանկահասակ երեխաների համար առավել կարեւոր 5 սնուցիչները

16 սեպտեմբերի, 2014  18:49

Մանկահասակ երեխաները, մեծ ի մասամբ, քմահաճ վերաբերմունք են դրսեւորում ուտելիքի նկատմամբ: Ցանկացած նոր համ, հոտ, գույն ունեցող եւ հատկապես կանաչ սննդատեսակ դժվարությամբ է նրանց ստամոքս տանող ճանապարհը գտնում: Պարզապես կհրաժարվեն ուտել, եւ վերջ:

Այդուհանդերձ, նույնիսկ եթե ձեր երեխան քմահաճներից չէ, հարկավոր է վստահ լինել, որ աճի համար անհրաժեշտ բոլոր սնուցիչներից բավարար քանակով է ստանում, զգուշացնում է FoxNews-ը:

Ստորեւ փորձագետների գնահատմամբ մանկահասակ երեխաների համար առավել անհրաժեշտ 5 սնուցիչներն ենք ներկայացնում:

1. Կալիում

ԱՄՆ դիետոլոգների ակադեմիայի խոսնակ Սառա Կրիգերի գնահատմամբ, կալիումը վճռորոշ նշանակություն ունի՝ արյան ճնշումը վերահսկողության տակ պահելու հարցում, մինչդեռ երեխաների մեծ մասը բավարար քանակով չէ այդ սնուցիչից ստանում, հատկապես նրանք, որոնց մոտ հավելյալ քաշի եւ ճարպակալման ռիսկ է նկատվում:

Մրգերի եւ բանջարեղենի մեծ մասը կալիումի բաղադրություն ունեն: Հատկապես հարուստ աղբյուր են հանդիսանում բանանը, սեխը, ձմերուկը, ելակը, բրոկոլին, ոլոռը եւ կարտոֆիլը:

2. Դոկոզահեկսայենային թթու

«Դոկոզահեկսայենային թթուն ուղեղի առողջ աճի հիմնաքարերից մեկն է հանդիսանում», - համոզմունք ունի հանրահայտ դիետոլոգ դոկտոր Սթոք Կոհենը: Մինչդեռ մանկահասակ երեխաները հիշյալ օմեգա-3 ճարպաթթվի պահանջվող ծավալի ընդամենը 25 տոկոսն են ընդունում:

Կյանքի առաջին երեք տարիներին աճի շեշտակի տեպմերով բնորոշվող ուղեղը դոկոզահեկսայենային թթվի օգնությամբ երեխայի կոգնիտիվ կարողությունները եւ տեսողություննեը հղկելու հնարավորություն է ստանում: Վերջերս Journal of Sleep Research ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, այն նաեւ կարող է մրսածությունից եւ ալերգիայից զերծ պահել երեխային, ինչպես նաեւ որակյալ քնի միջոց ծառայել: 

Դոկոզահեկսայենային թթվի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող սննդամթերքներից են ձուն (դեղնուցը), վիտամիններով հարստացված կաթը եւ ձկնեղենը:

3. Կալցիում

Կալցիումը կենսական նշանակություն ունի աճող օրգանիզմի համար, քանի որ ոսկրերի, մկանների եւ ատամների ամրությունն է ապահովում: Սնուցիչի անհրաժեշտ ծավալն ապահովելու համար երեխան պետք է օրական 500 գրամ կաթ կամ յոգուրտ ընդունի եւ գրեթե նույնքան էլ պանիր ուտի: Առաջարկվող այլընտրանքներից են կալցիումով հարստացված շիլաները եւ մրգահյութերը:

4. Երկաթ

Այս միներալը վճռորոշ նշանակություն ունի հեմոգլոբինի՝ թթվածինը թոքերից մարմնի հյուսվածքներին հասցնող կարմիր գնդիկների ձեւավորման հարցում: Բացի այդ, այն նաեւ երեխայի նյութափոխանակության, աճի ու զարգացման տեսանկյունից է անհրաժեշտ: Երկաթի՝ օրգանիզմում ոչ բավարար ծավալներով առկայության դեպքում փոքրիկի մոտ անեմիա կարող է առաջանալ: Ի միջի այլոց, Սառա Կրիգերի մեկնաբանմամբ, կալցիումը արյան բաղադրությունից երկաթ դուրս մղելու հատկություն ունի, այնպես որ հարկավոր է նաեւ կաթի ընդունման ծավալները սահմանափակել: 

Աճող օրգանիզմի համար երկաթի անհրաժեշտ ծավալներն ապահովելու լավագույն միջոցը միներալով հարստացված շիլաներն են հանդիսանում: Այլ աղբյուրներից են ձուն, հավի միսը, տավարի անյուղ միսը, հարստացված բրինձը եւ հացը:

5. Բջջանյութ

Բջջանյութը առողջ սննդակարգի կարեւորագույն բաղադրիչներից մեկն է համարվում, սակայն այն հատկապես մանկահասակ երեխաների համար է օգտակար՝ հաճախակի փորկապությունից խուսափելու նպատակով: Մրգերը, բանջարեղենը եւ ձավարեղենը սնուցիչի հարուստ պաշար են ներկայացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել