• Latest news

Ուղեղի երկբեւեռ խանգարման՝ յոգայով բուժում. թերություններ եւ առավելություններ

19 սեպտեմբերի, 2014  14:38

Յոգան բազմաթիվ օգտակար հատկություններ ունի. այն ոչ միայն մկաններն ամրացնելու, մարմինը հանգստանելու եւ ֆիզիկապես մարզվելու հնարավորություն է ընձեռում, այլեւ կարող է դեպրեսիայի մակարդակը նվազեցնելու, հետվնասվածքային սթրեսը հաղթահարելու եւ տրամադրությունը բարձրացնելու միջոց ծառայել, հիշեցնում է Medical Daily-ն:

Այդուհանդերձ, դեռեւս մանրազննին ուսումնասիրություն չի գտել այն հարցը, թե արդյոք հիշյալ մարզաձեւը կարող է նաեւ մտավոր բնույթի խնդիրների, մասնավորապես՝ ուղեղի երկբեւեռ խանգարման առկայության պարագայում դրական ազդեցություն ապահովել: Վերջերս Journal of Psychiatric Practice ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում Բրաունի համասարանականները, Լիզա Վեբելակերի գլխավորությամբ, փորձել են ուղեղի երկբեւեռ խանգարման՝ յոգայի օգնությամբ բուժման արդյունավետությունը պարզել:

«Ուղեղի երկբեւեռ խանգարման պարագայում «հաթա» յոգայի կիրառման արդյունավետության վերաբերյալ որեւէ գիտական գրականություն հնարավոր չէ գտնել: Այնպես որ, պատճառ չունեինք մտածելու, թե այն կարող է վտանգավոր գտնվել՝ նմանատիպ հիվանդների համար, բայց եւ դրա օգտակարության մասին վկայող որեւէ ապացույց չկար: Ընդ որում, մեզ երկբեւեռ խանգարման՝ դեղորայքային թերապիային զուգահեռ տարվող բուժման արդյունավետությունն էր հետաքրքրում», - նշել է կրթօջախին կից գործող Ալպերտի բժշկական դպրոցի հոգեբուժության դոցենտ դոկտոր Վեբելակերը: 

Հետազոտության շրջանակում առցանց կազմակերպված հարցախույզին ուղեղի երկբեւեռ խանգարմամբ ախտորոշված 70 հիվանդներ են մասնակցել: Ի պատասխան հարցի, թե ինչպես է յոգան նրանց մտավոր առողջության վրա անդրադարձել, շատերը պատասխանել են, թե այն փոխել է իրենց կյանքը, իսկ հիվանդներից մեկի պարագայում նույնիսկ՝ «փրկել»: Ընդհանուր առմամբ, հարցվածների մեծամասնությունը յոգայի՝ տագնապի զգացողությունը թուլացնելու հատկության մասին է հիշատակել:  

Այդուհաներձ, գտնվել են նաեւ հարցախույզի այնպիսի մասնակիցներ, որոնց համոզմամբ յոգան բացասական ազդեցություն է թողել: Խոսքը, մասնավորապես, արագ շնչառության արդյունքում ի հայտ եկող ցնցումներին է վերաբերում: Մեկ դեպքում էլ արեւելյալ մարզաձեւի ազդեցությունը փորձած մասնակիցը դեպրեսիայի՝ նախկինից էլ բարձր մակարդակից է դժգոհել: «Կատատոնիային մոտ վիճակում էի հայտնվել… դրանից հետո երեք օր անկողնում պառկած եմ անցկացրել», - նշել է նա:

Դոկտոր Վեբելակերի մեկնաբանմամբ, ցանկացած տիպի վարժություն ֆիզիկական վնասվածք կամ ցավ պատճառելու ռիսկ է պարունակում: «Միգուցե պարզապես արժե մարզաձեւի ընթացքում կիրառվող առավել ծանր վարժությունների՞ց խուսափել, ինչպես, օրինակ, արագ շնչառությունն է», - ենթադրել է նա: 

Այդուհանդերձ, մեկ հետազոտությամբ հնարավոր չէ հարցի շուրջ հստակ եզրահանգումների հասնել: Դոկտոր Վեբելակերը յոգայի՝ ուղեղի երկբեւեռ խանգարման վրա ազդեցության ուսումնասիրությունները շարունակելու մտադրություն ունի: Չէ՞ որ նախընթաց բոլոր հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ ֆիզիկական վարժությունները, եւ մասնավորապես՝ յոգան, ընդհանուր, ինչպես նաեւ մտավոր առողջությանը նպաստելու ներուժ ունեն: Իսկ ինչո՞ւ ուղեղի երկբեւեռ խանգարման պարագայում չպետք է այդպես լինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել