• Latest news

35 տարվա պրակտիկա, հազարավոր պացիենտներ. ինչպես պրոֆեսոր Չարչյանն իր ուսուցչի հետ Հայաստանում հիմնեցին էնդոպրոթեզավորման դպրոցը

15 մարտի, 2024  22:03

35 տարի առաջ՝ 1989 թվականի մարտի 12-ին, Հայաստանում կատարվել է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման առաջին հաջող վիրահատությունը: Վիրահատությունն իրականացրել են Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստան ժամանած հրեական ծագմամբ հոլանդացի վնասվածքաբան-օրթոպեդ Ամոս Հարարին և հայազգի վնասվածքաբան-օրթոպեդներ Վաչագան Այվազյանն ու Արմեն Չարչյանը։ 

«Երկրաշարժից երկու ամիս անց Ամոսը եկավ Հայաստան, և նրան խնդրեցինք օգնել ներդնել այդ վիրահատության պրակտիկան: Մարտի 12-ին ու 14-ին համատեղ բրիգադով Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնում կատարեցինք վիրահատությունները։ Դրանք բավական հաջող անցան, ճիշտ է՝ այդ ժամանակ վիրահատության տևողությունը 4 ժամ էր, չկային համապատասխան սարքավորումներ, գործիքները սահմանափակ էին և սուղ, բայց կարողացանք հաջող վիրահատություն կատարել։ Իսկ իմպլանտները Ամոսը Հոլանդիայից էր բերել»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:

Նախկինում բուն խնդիրը չէր լուծվում. հոդը չէր հեռացվում, պարզապես օստեոտոմիայի միջոցով օրթոպեդիկ միջամտություն էր կատարվում, փոխվում էր ծանրաբեռնվածության կամ շարժունության ծավալը, որպեսզի հիվանդի համար քայլելն ավելի հարմար լինի, աակայն ցավերը մնում էին: 

Առաջին ինքնուրույն վիրահատությունը հայ բժիշկներ Չարչյանն ու Այվազյանը իրականացրել են արդեն 1989 թվականի հունիսին՝ հոլանդացի մասնագետի ներկայությամբ, ինչից հետո սկսել են ինքնուրույն վիրահատություններ կատարել, առաջին տարում՝ 8-10։ «Ներկայումս միայն մեր կենտրոնում տարեկան 250-300 կոնքազդրային վիրահատություն ենք իրականացնում, իսկ Հայաստանում ՝ մոտ 500 նման վիրահատություն: Ըստ բնակչության թվի և ախտաբանության տարածվածության,Հայաստանում տարեկան մոտ 1000-1500 մարդ կոնքազդրային հոդի վիրահատության կարիք ունի»,- ասում է «Իզմիրլյան» ԲԿ տնօրենը

Ծնկահոդի հաջող էնդոպրոթեզավորումը առաջին անգամ կատարվել է 1993 թվականին՝ ֆրանսիացիների մասնագետների օգնությամբ. «1994 թվականից սկսեցինք անցկացնել վիրահատությունները, 7 վիրահատություն կատարեցինք, բայց որոշ ժամանակով ստիպված էինք դադարեցնել , որովհետև չէինք կարողանում որակյալ պրոթեզներ ձեռք բերել: 2003-2004 թվականներն այդ առումով շրջադարձային եղան, որովհետև այդ ժամանակ պաշտոնապես Հայաստան մուտք գործեց առաջին կազմակերպությունը, որը հնարավորություն տվեց մեզ Հայաստանում պրոթեզներ ձեռք բերել»:

Էնդոպրոթեզվորման կարիք է առաջանում երկու հիմնական պատճառով: Առաջին պատճառը տարիքն է. հոդերը ծերանում են և կորցնում ողորկությունը, մաշվում է աճառային շերտը, որի տակ ոսկրային շերտն է, եւ ոսկորները սկսում են քսվել միմյանց: Իսկ ցավային ռեցեպտորները գտնվում են հենց աճառային շերտի տակ՝ ոսկրի մեջ: «Պատկերացրեք, օրինակ, ատամի նյարդը բացվում է և նյարդերը սկսում են իրար քսվել: Առաջինը նման խիստ ցավային համախտանիշ է առաջանում, ինչի արդյունքում վերջույթը հարկադրական դիրք է ընդունում, այսինքն՝ վերջույթը արտբերած և ծալված վիճակում է գտնվում, որը կոչվում է ծալիչ-արտբերիչ կոնտրակտուրա: Եվ որպեսզի շատ չցավի, սահմանափակվում է շարժումների ծավալը: Այս խնդիրների պատճառով հիվանդը դառնում է կայուն հաշմանդամ, չի կարողանում քայլել, առօրյա հոգսերը հոգալ, աշխատել, և այդ ամենով հանդերձ, ստիպված է լինում համակերպվել հաշմանդամության հետ, բացի այդ ընտանիքի անդամներից մեկն էլ ստիպված է լինում խնամել նրան»: 

«Բայց լինում են դեպքեր, երբ հոդերը չափից դուրս շուտ են շարքից դուրս գալիս և քայքայվում են այնպիսի հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են կոնքազդրային հոդերի բնածին դիսպլազիան, կոլագենային հիվանդությունները, օրինակ՝ ռևմատոիդ արտրիտը, ինֆեկցիոն ալերգիկ պոլիարտրիտը և այլն։ Այստեղ ոչ թե, ժողովրդի լեզվով ասած, աղերի կուտակում է առաջանում, ինչը մեծ տարիքում է լինում, այլ քայքայվում են գլխիկները և ստիպված ենք լինում վիրահատությամբ հեռացնել դրանք»:

«Ժամանակակից պրոթեզները՝ կերամիկական գլխիկով, մոտ 20-25 տարի կարող են ծառայել, և եթե հիվանդին վիրահատում ենք, օրինակ՝ 30 կամ 35 տարեկանում, 25 տարի անց պրոթեզը փոխելու կարիք է առաջանում, և նորը ևս 15-18 տարի կարող է ծառայել»: 

Մասնագետներն այս թեմայով գիտական աշխատանք են մշակել, որ «պրոթեզավորումը պլանավորելիս, հարկավոր է հաշվի առնել, թե ինչ պրոթեզ պետք է դնել,  և որ հնարավոր է՝ մեկ անգամ հաջողությամբ փոխել այն, այսինքն ընդհանուր մոտ 35-40 տարի: Քանի որ կյանքի միջին տևողությունը Հայաստանում մոտ 72 տարի է, վիրահատությունը խորհուրդ է տրվում  անել 35 տարեկանում, ավելի երիտասարդ տարիքում ցանկալի չէ: Ավելի երիտասարդ տարիքում կարելի է կոնսերվատիվ վերականգնողական բուժում անցնել և միայն 35 տարեկան հասակում վիրահատել, որպեսի պրոթեզը ողջ կյանքի ընթացքում ծառայի: 

Վիրահատությունից հետո ցավային համախտանիշը անմիջապես վերանում է, 3-4 օր վիրահատական ցավեր են միայն լինում, մոտ 2 ամսվա ընթացքում վերականգնվում է ֆունկցիոնալութունը, և շարժումների ծավալը հասնում է նորմային: 2 ամիս անց վիրահատված անձն արդեն առողջ է, կարող է աշխատել, ապրել լիարժեք կյանքով, անգամ սպորտով զբաղվել: Մենք ունեցել ենք հիվանդներ, որոնք այսօր լողով են զբաղվում, դահուկային սպորտով, յոգայով»,- ասում է պրոֆեսորը:

Այսօր արդեն հարյուրավոր կատարած վիրահատություններով կարող են հպարտանալ պրոֆեսոր Չարչյանի աշակերտները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել