Ասպիրին ընդունելը կարող է շնչառական խնդիրներ առաջացնել ասթմայով և սինուսիտով տառապող մարդկանց մոտ: Այս մասին խոսել է Mayo Clinic-ի (աշխարհի խոշորագույն մասնավոր բժշկական և հետազոտական կենտրոններից մեկը) քիթ-կոկորդ-ականջաբան, բժիշկ Անժելա Դոնալդսոնը։ Բժշկի փորձագիտական եզրակացությունը հրապարակված է Mayo Clinic կայքում։
Դոնալդսոնը նշել է, որ բրոնխիալ ասթման շնչուղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը սրացման ժամանակ դրսևորվում է շնչահեղձության, սուլող շնչառաության, հազի նոպաներով։ Ծանր դեպքերում շնչառական անբավարարությունը կարող է կյանքին վտանգ ներկայացնել:
Բժշկի խոսքով՝ ասպիրին ընդունելը կարող է վատթարացնել ասթմայի ախտանշանները՝ առաջացնելով հազ և սուլող շնչառություն։ Նաև այս դեղամիջոցը կարող է առաջացնել սինուսիտի սրացում՝ մեկ կամ մի քանի պարանազալ սինուսների լորձաթաղանթի բորբոքում: Բանն այն է, որ ասպիրինը կարող է հրահրել քթի մեջ պոլիպների ձևավորում՝ դրանով իսկ դժվարացնելով քթային շնչառությունը։
Բժիշկը նաև զգուշացրել է, որ ասթմայով և սինուսիտով տառապողները պետք է զգուշությամբ օգտագործեն ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (NSAID), ինչպիսիք են իբուպրոֆենը և նապրոքսենը։ Ասպիրինը և NSAID-ները կարելի է գտնել մրսածության և այլ դեղամիջոցների լայն տեսականիում: Այդ իսկ պատճառով, շնչառական հիվանդություններ ունեցող մարդիկ դեղորայք գնելիս պետք է ուշադիր կարդան պիտակները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր