• Latest news

Գիտնականները վիրուսների դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկել

23 ապրիլի, 2024  10:33

Ռուսաստանցի գիտնականները վիրուսների դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկել։ Նրանք օգտագործել են գենետիկ խմբագրման տեխնոլոգիան՝ բջիջների պաշտպանիչ մեխանիզմները գործարկելու համար, որոնց մեջ արդեն ներթափանցել է վարակի հարուցիչը, գրում է Известия-ն։

Արհեստականորեն ակտիվացնելով APOBEC/AID սպիտակուցների ընտանիքը՝ նրանց հաջողվել է 80-85%-ով ճնշել հեպատիտ B և D վիրուսների բազմացումը։ Այժմ մասնագետները մտադիր են բացահայտել առավել ունիվերսալ ներբջջային գործոնները և դրանց հիման վրա ստեղծել առաջին լայն սպեկտրի դեղամիջոցը։ Մասնագետների կարծիքով՝ նոր մեթոդը կարող է արդյունավետ բուժում լինել, սակայն կողմնակի ազդեցությունները պետք է մանրամասն ուսումնասիրվեն։

Սեչենովի համալսարանի Բժշկական մակաբուծաբանության, արևադարձային և տրանսմիսային հիվանդությունների ինստիտուտի դեղամիջոցների ստեղծման գենետիկ տեխնոլոգիաների լաբորատորիայի մասնագետները վարակների դեմ պայքարի նոր մեթոդ են առաջարկել: Նրանք հայտնաբերել են մի շարք սպիտակուցներ, որոնք ճնշում են բջիջ ներթափանցած վիրուսային մասնիկների ակտիվությունը։ Գիտնականներին հաջողվել է գործարկել այս մեխանիզմը՝ օգտագործելով CRISPR/Cas9 գեների խմբագրման համակարգը: Այժմ նրանք մտադիր են բացահայտել առավել ունիվերսալ պրոտեինները, որոնք արդյունավետ են վիրուսների մեծ մասի դեմ, և դրանց հիման վրա լայն սպեկտրի դեղամիջոց ստեղծել նման հիվանդությունների համար։

Այսօր վիրուսների դեմ պայքարի հիմնական միջոցները հակամարմինների վրա հիմնված պատվաստանյութերն ու դեղամիջոցներն են։ Դրանք պետք է կանխեն մասնիկների ներթափանցումը բջիջի մեջ:

Բայց եթե դա արդեն տեղի է ունեցել, և մարդն արդեն հիվանդացել է, ապա պայքարի միակ միջոցը կարող է լինել ինտերֆերոնը: Սպիտակուցի այս տեսակը ակտիվացնում է հարյուրավոր հակավիրուսային գեներ, ինչը թույլ է տալիս դադարեցնել կամ դանդաղեցնել բազմացումը: Սակայն նյութը արդյունավետ է միայն վարակի մի քանի տեսակների դեմ:

«Մենք CRISPR/Cas9 գեների խմբագրման համակարգի օգնությամբ, ինտերֆերոնից չկախված, բայց վարակներն արգելափակող առանձին գլխավոր հակավիրուսային գործոնները բացահայտելու և ակտիվացնելու մոտեցում ենք մշակել: Այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել հիվանդությունների լայն շրջանակի դեմ արդյունավետ դեղամիջոց ստեղծելու համար»,- ասել է լաբորատորիայի ղեկավար Դմիտրի Կոստյուշևը։

Գիտնականների խումբն ընտրել է 157 գեն և վերլուծել դրանց արձագանքը հեպատիտ B-ի և D-ի հարուցիչներին, ինչը թույլ է տվել բջիջներում  մի շարք հակավիրուսային գործոններ բացահայտել:

Պարզվել է, որ APOBEC/AID սպիտակուցների ընտանիքը արդյունավետ է ԴՆԹ և ՌՆԹ պարունակող վիրուսների դեմ։ Քրոնիկ վարակների բջիջների մոդելների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այս սպիտակուցներից ընդամենը մի քանիսի ակտիվացումը բավարար է հիվանդությունը 80-85%-ով ճնշելու համար: Այս մոտեցման օգտակարության վերլուծությունը մի շարք այլ ծանր դեպքերի նկատմամբ ցույց տվեց նմանատիպ արդյունքներ:

«Մեր վարկածը, որ առանձին ներբջջային գործոնները կարող են արդյունավետ կերպով ճնշել վիրուսների բազմացումը, հաստատվեց: Այժմ առաջնահերթ խնդիրն է վերլուծել ոչ թե առանձին գեները, այլ հնարավորինս լայն շրջանակի ամբողջական խմբեր և ընտրել առավել ունիվերսալ հակավիրուսային գործոնները: Ապագայում դրանք կարող են օգտագործվել ոչ միայն գոյություն ունեցող, այլև հեագայում ի հայտ եկող վարակների դեմ պայքարելու համար։ Դատելով ԱՀԿ-ի և Առողջապահության նախարարության կանխատեսումներից՝ համավարակներն ավելի ու ավելի հաճախ են լինելու, ուստի դրանց դեմ պայքարի միջոցների զինանոցը պետք է ընդլայնել»,- ասել է Դմիտրի Կոստյուշևը։

Հակամարմինները և T-բջիջները, որոնք յուրահատուկ կերպով արձագանքում են վիրուսային սպիտակուցներին, հարմարվողական իմունիտետ են, որը ձևավորվում է հարուցիչ նյութին հանդիպելուց հետո, «Իզվեստիային» է բացատրել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի իմունոլոգիայի և ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Միխայիլ Բոկլովը։ Բացի դրանից, կան նաև բնածին մեխանիզմներ, որոնցից է  APOBEC/AID-ը։ Դրանք հաճախ թույլ չեն տալիս, որ վարակը զարգանա և հաղթահարում են այն՝ առանց հարմարվողական իմունիտետի գործարկման: Սա օրգանիզմի ողջ պաշտպանության 90%-ն է, որոնք անդադար աշխատում են:

Գիտնականները հայտնաբերել են, որ APOBEC/AID սպիտակուցները կարող են ոչնչացնել վիրուսը հենց բջջի ներսում:

Նրանք վերափոխում են ծածկագիրը՝ մի «տառը» փոխելով մյուսի՝ առանց թունավոր ազդեցություն ունենալու։ Սակայն սպիտակուցների չափից ավելի ակտիվացումը հանգեցնում է մարդու սեփական գենոմում գեների մուտացիաների, այդ թվում՝ քաղցկեղի հանգեցնող գեների: Թերապիան կարող է ունենալ կողմնակի բարդություններ, այդ թվում՝ ուռուցքաբանական, ասել է Միխայիլ Բոլկովը։

Ըստ նրա, անհրաժեշտ գեներն ուղղակիորեն ակտիվացնելու համար CRISPR-Cas9 մոդիֆիկացված համակարգերի հիման վրա ճշգրիտ գործիքների հավաքածու է մշակվել, որը կոչվում է CRISPRa: Ցույց է տրվել, որ այս մոտեցումն անվտանգ և արդյունավետ է, օրինակ՝ գենետիկ արատները շտկելու և ՄԻԱՎ վարակը ճնշելու համար:

«Սա շատ արդիական թեմա է, քանի որ մենք դեռ չունենք հուսալի դեղամիջոցներ, որոնք բուժում են հեպատիտ B-ն և D-ն: Առկա դեղամիջոցները միայն ճնշում են այս վիրուսների ակտիվությունը: Այս ուսումնասիրությունները ողջունելի են, բայց առայժմ դրանք հասել են բազմացման  80%-ով կրճատմանը և միայն փորձարկման ընթացքում: Դեռ շատ աշխատանք պետք է կատարվի, որպեսզի նման դեղամիջոցը կիրառվի»,- ասում է ՌԳԱ ակադեմիկոս և համաճարակաբան Վադիմ Պոկրովկսին:

Գիտնականներն առաջարկում են հակավիրուսային ռեակցիաներ գործարկող CRISPR/Cas9 հաջորդականությունները բջիջների մեջ ուղղորդել՝ օգտագործելով առաքման համակարգը, որը նրանք նախկինում մշակել են կենսաբանական նանոմասնիկների հիման վրա:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է