• Latest news

Նորածնի գնահատումն՝ ըստ ԱՊԳԱՐ-ի սանդղակի. ի՞նչ է այն եւ ե՞րբ կարելի է անհանգստանալ

15 նոյեմբերի, 2014  13:41

Յուրաքանչյուր նորածին լույս աշխարհ գալուց մեկ րոպե անց իր կյանքի թերեւս ամենակարեւոր թեստն է անցնում: Ընդ որում, հինգ րոպե անց հետազոտությունը նույնությամբ կրկնվում է: Խոսքն ԱՊԳԱՐ-ի սանդղակով գնահատման մասին է, որը դեռեւս 1952թ.-ին բժիշկ-անեսթեզիոլոգ դոկտոր Վիրջինիա Ապգարն է մշակել, թեեւ շատերին թվում է՝ միայն ակրոնիմի հետ գործ ունենք, քանի որ թեստի անվանումը հետեւյալ կերպ է բացվում՝ Appearance (մաշկի գույն), Pulse (սրկի զարկի հաճախականություն), Grimace (գրգռման հակազդեցություն), Activity (մկանային գործողության աստիճան՝ ակտիվություն) եւ Respiration (շնչառություն):

Հետազոտության առաջին փորձը պատկերացում է տալիս բժշկին (կամ մանկաբարձին) այն մասին, թե ինչպես է երեխան ծննդաբերության գործընթացը տարել, հինգ րոպե անց էլ արդեն արտաքին աշխարհում՝ մոր արգանդից դուրս կյանքի պայմաններում նրա առողջական ցուցանիշներն են վեր հանվում: Որոշ դեպքերում թեստը կարող է եւս մի քանի անգամ կրկնվել: Գնահատման համակարգը հետեւյալն է. 5 բնութագրիչներից յուրաքանչյուրին 0-2 միավոր է տրվում: Ընդ որում, որքան լավ է վիճակը, այնքան գնահատականը բարձր պետք է լինի: Մասնավորապես.

1. Appearance (մաշկը պետք է կապույտ գույն չունենա)

2. Pulse (սրտի զարկի հաճապականությունը պետք է րոպեում 100-ից բարձր լինի)

3. Grimace response (գրգռման հակազդեցությունը պետք է ուժեղ լացի կամ ետքաշման տեսքով լինի)

4. Activity (երեխան պետք է ակտիվ շարժումներ անի)

5. Respiration (ուժեղ լացը՝ առողջության, իսկ անկանոն շնչառությունը՝ որեւէ խնդրի առկայության մասին է վկայում)

Առնվազն ութ միավոր հավաքած նորածինները միանգամայն առողջ են համարվում: Այդուհանդերձ, ԱՊԳԱՐ-ի բարձր արդյունքները, որքան էլ որ ուրախալի լինեն ծնողների համար, երբեք չեն կարող փոքրիկի ապագա ֆիզիկական եւ մտավոր առողջության գրավականը դառնալ: Բավական է հիշել, որ հինգ րոպե անց զննումը կրկնվում է՝ համոզվելու համար, որ փոքրիկը առողջ կյանքի ճանապարհ է բռնել կամ (եթե մինչ այդ արդյունքները բավարար չէին), ապաքինման նշաններ է ցույց տալիս: Ընդհանուր առմամբ, ութից ցածր միավորը անհապաղ ուշադրության անհրաժեշտության մասին է վկայում. մասնավորապես, երեխան կարող է շնչուղիների մաքրման կարիք ունենալ՝ նորմալ շնչառության անցնելու համար, տեղեկացնում է Medical Daily-ն:

Երբեմն էլ, սակայն, ցածր միավորը ոչ թե ժամանակավոր, այլ՝ առավել բարդ խնդրի առկայության մասին է վկայում:

Ի՞նչ կարող է ցածր միավորը նշանակել

Նախընթաց մի շարք հետազոտությունների արդյունքում, օրինակ, վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ ժամանակին ծնված երեխաների կենսագործունեության գնահատման՝ APGAR-ի սանդղակով ստացված չափազանց ցածր արդյունքը մանկական ուղեղային կաթվածի առաջացման ռիսկի թեթեւակի ավելացում է ենթադրում: Այդուհանդերձ, թեստի ցածր արդյունք դրսեւորած նորածինների մեծամասնությանը հիշյալ՝ մկանների կոորդինացիային եւ դրանց նկատմամբ վերահսկողությանն առնչվող նյարդաբանական խանգարումը չի սպառնում:

Մեկ այլ հետազոտության հեղինակներն էլ պնդում են, որ ԱՊԳԱՐ-ի ցածր արդյունքը մանկական աուտիզմի եւ այլ՝ աճի պերվազիվ խանգարումների, բայց ոչ՝ Ասպերգերի համախտանիշի ռիսկի գործոնների շարքին պետք է դասել: Ֆինլանդիայում գործող Տուրկույի համալսարանական հիվանդանոցի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության շրջանակում 1990-2005թթ.-ի ընթացքում բոլոր՝ միայնակ լույս աշխարհ եկած ֆինլանդացի երեխաների վերաբերյալ բժշկական տվյալներն են վերլուծվել: Գիտնականներին, մասնավորապես, մանկական աուտիզմով, Ասպերգերի համախտանիշով եւ աճի պերվազիվ խանգարումներով ախտորոշման դեպքերն են հետաքրքրել՝ պարզելու համար, որ առաջին երկուսը կյանքի առաջին րոպեի ընթացքում ձեռնարկված զննման արդյունքում՝ ԱՊԳԱՐ-ի 7-ից ցածր միավորով գնահատման արտացոլանքը կարող են լինել:

Հարկ է, սակայն, երրորդ հետազոտության մասին եւս հիշատակել, որի արդյունքները մի փոքր առավել հուսադրող են՝ ծնողների համար: Նախաձեռնության հեղինակներն այս պարագայում 6-7 տարի շարունակ պերինատալ հիպոքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիայի դրսեւորման պատճառով երրորդ՝ կյանքի 10-րդ րոպեին զննման ենթարկված երեխաների առողջական վիճակին են հետեւել՝ պարզելու համար, թե արդյոք թեստի արդյունքը կարող է որեւէ տարաժամկետ հետեւանք կանխատեսել: 174 մասնակիների վերաբերյալ տվյալների վերլուծությունը, մասնավորապես, ցույց է տվել, որ թեեւ առավելագույնը 3 միավոր հավաքած երեխաների մեծ մասին՝ 75 տոկոսին մահ կամ հաշմանդամություն է սպասում, 3-ից բարձր միավորով գնահատվածների պարագայում մահացության կամ հաշմանդամության ցուցանիշն առնվազն մինչեւ 45 տոկոսի կարող է հասնել: Ընդ որում, որքան բարձր է սանդղակով գնահատման արդյունքը, այնքան մահվան ելքի, հաշմանդամության կամ ցածր ինտելեկտի նվազ ռիսկ է սպառնում:

Հատկանշական է նաեւ, որ APGAR-ի թեստով 0 միավոր հավաքած նորածինների հինգերորդ մասին հաջողվում է առանց որեւէ ֆիզիկական թերություն ձեռք բերելու եւ IQ-ի 77-99 միավորով (միջինը 100-ն է համարվում) դպրոցական տարիքի հասնել: Ընդ որում, ուշադրության եւ գործառնական կարողությունների հետ կապված որեւէ խանգարում եւս նրանց մոտ չի նկատվում:

Այնպես որ, ԱՊԳԱՐ-ի սանդղակով գլխավորապես երեխայի՝ մոր արգանդից դուրս կյանքին հարմարվելու կարողությունը եւ կողմնակի օգնության անհրաժեշտությունն է գնահատվում: Մինչդեռ ստացված արդյունքների հիման վրա հետագա առողջական վիճակի վերաբերյալ կանխատեսումներ անելու արդյունավետությունը, մեղմ ասած, կասկած է հարուցում, իսկ երբեմն էլ չափազանց ցածր արդյունքները կարող են պարզապես «զրո» իմաստ պարունակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել