• Latest news

Հայաստանում մեկնարկել է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման լայնածավալ ծրագիր

31 հունվարի, 2015  13:48

Համաշխարհային Բանկի աջակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2013 թվականից մեկնարկել են «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի նպատակներից է ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի  վաղ հայտնաբերումը, կանխարգելումը եւ վերահսկումը:

Ծրագրի շրջանակում 2015թ. հունվարից 35-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվել իրենց սպասարկող պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում` զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի ախտորոշման, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք`արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման եւ քաղցկեղի կանխարգելման նպատակով:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 193 անդամ երկրների վիճակագրության` վերջին տարիներին աշխարհում բնակչության հիվանդացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են (ՈՎՀ), մասնավորապես,  արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացություններն (ՉՆ) ու շաքարային դիաբետը (ՇԴ):

ՈՎՀ-ից յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 36 միլիոն մարդ: Այդ հիվանդություններից մահացության բեռը բնակչության ընդհանուր մահացության կառուցվածքում կազմում է շուրջ 87%: Ավելին, մահացության  դեպքերի 80%-ը (29 միլիոն դեպք) գրանցվում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Մեր երկրում ՈՎՀ-ից մահացության ընդհանուր կառուցվածքում առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են` 48%, ապա` չարորակ նորագոյացությունները` 20,8%, եւ շաքարային դիաբետը` 4,7%:

Այսպիսով, ինչպես շատ երկրներում, Հայաստանում եւս ոչ վարակիչ հիվանդություններն ամենատարածված եւ հաշմանդամության հանգեցնող հիվանդություններն են, որոնք ախտահարում են գլխավորապես աշխատունակ տարիքի բնակչությանը:

Ներազդելով ՈՎՀ-ի առաջացման ռիսկի գործոնների վրա` հնարավոր է կանխարգելել դրանց զարգացումը, հետեւաբար շատ կարեւոր է այդ հիվանդությունների ռիսկի գործոնների վաղ հայտնաբերումը: Այն առավել մատչելի եւ հեշտ է իրականացնել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) գործառույթ իրականացնող բժշկական կազմակերպություններում, որոնք գործում են Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում (բուժակ-մանկաբարձական կետեր, գյուղական առողջության կենտրոններ եւ ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ): Ի սկզբանե  ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման տեսակետից առավել կարեւոր է հիվանդության զարգացման «ռիսկի խմբի» որոշումը եւ վերջինիս հիման վրա սքրինինգային հետազոտությունների իրականացումը:

Առավել տարածված ՈՎՀ զարգացման ռիսկի գործոնների տարածվածությունը գնահատվել է Առողջապահության համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) 2007, 2009 եւ 2012թթ. ընտրանքային հետազոտության համեմատական տվյալների հիման վրա: Ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի  20 տարեկան եւ բարձր բնակչության շրջանում ունի հետեւյալ պատկերը.

Ռիսկի գործոն

2007

2009

2012

Ամեն օր ծխախոտի օգտագործում (տղամարդ)

55,7%

58,0%

55,5%

Ալկոհոլային խմիչքների օգտագործում (տղամարդ)

11,4%

16,6%

13%

Զարկերակային բարձր ճնշում (>140/90 մմ ս.ս.)

13,4%

11,9%

37%

Ավելորդ քաշ/գիրություն եւ ճարպակալում

52,8%

53,6%

57%

Ֆիզիկական թերակտիվություն

20,7%

17,5%

50%

Առողջապահության համակարգի գործունեության գնահատման տվյալները փաստում են, որ բնակչության մեծամասնությունը դրսեւորում է ռիսկային վարքագիծ, ինչը հանդիսանում է հիվանդացության եւ մահացության հիմնական պատճառներից մեկը: Ծխախոտի օգտագործման եւ ալկոհոլի չարաշահման ցուցանիշները զգալիորեն բարձր են տղամարդկանց շրջանում, ընդ որում, դրանք կտրուկ աճում են աշխատունակ տարիքային խմբերում եւ կապակցված են բարեկեցության ու կրթական մակարդակի հետ:

Բնակչության շրջանում զգալիորեն բարձր է ֆիզիկական թերակտիվության տարածվածությունը, որը վերջին տարիներին կտրուկ աճել է,  մասնավորապես,  կանանց, դեռահասների, թերի միջնակարգ եւ բարձրագույն կրթություն ունեցող բնակչության խմբերում:

2007-2009թթ. ընթացքում ավելցուկային քաշի տարածվածությունն աճի միտում է գրանցվել 20-ից 29 տարեկանների եւ միջին մասնագիտական կրթությամբ քաղաքային բնակչության շրջանում: 15 եւ բարձր տարիքի բնակչության ավելի քան մեկ երրորդն ունի  բարձր զարկերակային ճնշում, որոնցից մեկ քառորդն իրազեկված չէ այդ մասին:

Առկա իրավիճակը հնարավոր է փոխել, եթե բնակչության շրջանում ձեւավորվի  ժամանակ առ ժամանակ հետազոտվելու ավանդույթ, ինչպես նաեւ բարելավվեն առողջության առաջնային պահպանման  հիմնարկներում իրականացվող համապատասխան ծառայությունները:

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում մասնակցել անվճար հետազոտություններին եւ պահպանել առողջությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել