• Latest news

Արժե արդյոք սկսել մի ծրագիր, որն այդքան «բայց» ունի

28 հունիսի, 2015  22:31

ՀՀ Առողջապահության նախարարության` ալյուրը ֆոլաթթվով ու երկաթով հարստացնելու ծրագիրը բացասաբար է ընկալվում հանրության կողմից եւ դրանում համոզվելու համար бажакан է ծանոթանալ մեր կայքում անցկացված հարցման արդյունքներին:

Հոդվածը գրելու պահին 2640 մասնակիցներից ծրագրին կողմ է արտահայտվել մասնակիցների 8 տոկոսը կամ 221 մարդ, դեմ՝ 81 տոկոսը կամ 2148 մարդ, եւս 11 տոկոսը կամ 171 մարդ դեռեւս չի հստակեցրել իր դիրքորոշումը կամ էլ առհասարակ չի լսել ծրագրի մասին:

Առողջապահության նախարարության մասնագետները միանգամից կարող են հակադարձել, որ ժողովուրդը առողջապահական ոլորտի նրբություններին չի տիրապետում, եւ վերջինիս կարծիքը չի կարող օբյեկտիվ գնահատականի հիմք հանդիսանալ: Մեր կողմից կարող ենք հակադարձել, որ, եթե մասնագետներին չի հաջողվում համոզել հանրությանը իրենց բերած փաստարկների հիմնավորված լինելու մեջ, ապա խնդիրը պետք է փնտրել այդ մասնագետների, եւ նրանց փաստարկների մեջ։

Նշենք նաեւ, որ բոլոր խնդիրներին գումարվում է քաղաքական բաղադրիչը՝ ժողովրդի՝ իշխանության նկատմամբ վստահության գերցածր մակարդակը. մարդիկ պարզապես չեն հավատում, որ իշխանությունները կարող են բարի, իսկ ամենակարեւորը, անշահախնդիր նպատակներ ունենալ: Վստահության այսպիսի տոտալ բացակայության պայմաններում ծրագրի անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկները պետք է առավել քան համոզիչ լինեն, ինչը դեռեւս չենք տեսնում:

Սկսենք առողջապահության նախարարության կողմից որպես հիմք ընդունվող այն հետազոտություններից, որը վերաբերվում է ժողովրդի շրջանում երկաթդեֆիցիտային անեմիայի տարածմանը: 2000 թվականին իրականացված հետազոտության համաձայն՝ նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում անեմիան կազմել է 24 տոկոս, իսկ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում՝ 12 տոկոս: 2005 թվականին այս թվերը կազմում էին 37 եւ 35 տոկոս համապատասխանաբար՝ այսինքն, 5 տարվա ընթացքում 1.5-2 անգամ աճել է անեմիայի մակարդակը: Եթե հաշվի առնենք, որ այդ հինգ տարիների ընթացքում Հայաստանում լուրջ կատակլիզմներ չեն եղել, իսկ սննդակարգն էլ, պետք է նշել, ոչ թե վատթարացել, այլ բարելավվել է,  այսպիսի ցուցանիշների դինամիկան խիստ կասկածելի է թվում: Հնարավոր բացատրություններից մեկը կարող է լինել այն հանգամանքը, որ այս հետազոտությունների ընթացքում տարբեր մեթոդաբանական մոտեցումներ են կիրառվել, եւ դրանց արդյունքները մաթեմատիկորեն համադրելի չեն։  Այնուհետեւ առողջապահության ոլորտի մասնագետները հղում են անում 2010 թվականի վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ «այս տարի անեմիայի հետազոտություն չի իրականացվել, սակայն երեխաների քաշի ու հասակի չափումները ցույց են տալիս, որ ոչինչ չի փոխվել»: Կարծում ենք՝ ապացուցական բժշկությունը, որի մասին այդքան շատ է սիրում խոսել նախարարը, ամեն դեպքում, ճշգրիտ գիտություն է եւ չի կարող հիմնվել այսպիսի տվյալների վրա:

Շարունակենք: Հետազոտությունների հաջորդ տարին 2015 –ն է, եւ, հետեւաբար, տրամաբանական կլիներ սպասել այդ հետազոտության տվյալներին, եւ դրանից հետո միայն սկսել (կամ գուցե դադարացնել) ապացուցել ալյուրի հարստացման անհրաժեշտությունը, սակայն ԱՆ-ն գնում է այլ ճանապարհով: Ալյուրը հարստացնելու անհրաժեշտությունը այն ի սկզբանե ապացուցված է համարում, իսկ 2015 թվականի հետազոտությունների արդյունքները պատրաստվում է օգտագործել որպես ելակետ՝ ծրագրի արդյունքները գնահատելու համար՝ դրա ներդնելուց մի քանի տարի անց:

Իսկ բոլոր այն փաստարկներին, որ ֆոլաթթուն եւ երկաթի սուլֆատը կարող են վտանգավոր լինել այն մարդկանց համար, որոնք դրա պակասը չունեն, մասնագետները պատասխանում են, որ, առաջին հերթին, ֆոլաթթուն քաղցկեղածին նյութ չէ, եւ, երկրորդը, երկաթն ու ֆոլաթթուն պետք է մեծ քանակով լինեն՝ խնդիրներ առաջ քաշելու համար:

 

Մանրամասնենք: Ոչ ոք չի պնդում, որ ֆոլաթթուն քաղցկեղածին նյութ է, սակայն կանադական գիտնականների  հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքի առկայության դեպքում ֆոլաթթուն կարող է խթանել դրա զարգացումը: Հաշվի առնելով այն, որ Կանադայում հացը հարստացվում է, այդ գիտնականները իրենց մտահոգությունն են հայտնել եւ կոչ արել ավելի զգույշ լինել քաղցկեղ ունեցողների սննդակարգի հարցում: Հայաստանում այդ զգուշավորությանը պետք է գումարել այն հանգամանքը, որ մարդիկ շատ ուշ են իմանում իրենց ուռուցքների մասին։

ԱՆ-ն նաեւ չափաբաժիններ է նշում, թե ինչքան պրեմիքսներ պետք է ավելացվեն այլուրին զանազան հեղինակավոր միջազգային կազմակերպությունների սահմանած ստանդարտների համաձայն: Սակայն հարց է առաջանում: Արդյո՞ք այդ կազմակերպությունները գիտեն, թե ինչքան հաց են օգտագործում հայերը: Ակնհայտ է, որ չափաբաժինները, որոնք հաշվարկված են արեւմտյան երկրների համար, որտեղ շատ քիչ են հաց օգտագործում, Հայաստանի համար անընդունելի են:

Այժմ ալյուրի հարստացման ծրագրի իմաստի մասին: Ինչպես պարզաբանում է Արմեն Մուրադյանը, այս ծրագիրը՝  ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող հանքային նյութերի եւ վիտամինների կորուստների վերադարձն է բարձր որակի ալյուրի մեջ։  Այսինքն՝ չտեսակավորված ալյուրի արտադրությունը, որն ընդունված էր դեռ ԽՍՀՄ օրոք, այլընտրանքային եւ, ամենակարեւորը, անվտանգ որոշում է, քանի որ այդպիսի ալյուրը իր մեջ պարունակում է բնական միացություն՝ ֆոլատ, այլ ոչ ֆոլաթթու, եւ այնպիսի չափաբաժիններով, որոնք իսկապես անհրաժեշտ են:

Ֆոլատը պարունակվում է նաեւ կանաչեղենում, եւ Հայաստանում դրա պակասը չկա, այնպես որ, ֆոլատի պակասի խնդիրը հեշտ լուծելի է նաեւ առանց հավելումների: Ինչ վերաբերվում է երկաթին, ապա այստեղ մասնագետների կարծիքները տարբեր են: Ոմանք պնդում են, որ բուսական ծագման երկաթը մարդու օրգանիզմը չի կարող յուրացնել, մյուսները հակադարձում են, որ բուսակերներից եւ ոչ մեկ դեռ անեմիայից չի մահացել: Եթե նույնիսկ պնդենք, որ մարդու օրգանիզմին հարմար երկաթի միակ աղբյուրը միսն է, ապա թող կառավարությունը այն հայտարարի ռազմավարական մթերք, արտադրողների համար արտոնություններ տրամադրի եւ ապահովի մարդկանց սննդակարգում մսի առկայությունը: Բայց դա դժվար եւ ծախսատար ճանապարհ է, շատ ավելի հեշտ է ալյուրին քիմիական նյութեր խառնել եւ դրանով պրծնել: Եվ հենց այստեղ է, որ պետք է շահեր փնտրել՝ տնտեսական ՝ պրեմիքսներ արտադրողների, եւ անհատական՝ այս ծրագիրը փիառ անողների:

Նշենք նաեւ, որ այս խնդրով մտահոգվածություն, հակառակ ԱՆ-ի պնդումների, արտահայտում են ոչ միայն Խաչիկ Ստամբոլցյանն ու ընկերները, որոնց ԱՆ-ն ուղղակի մեղադրում է սեփական արտադրանքի՝ «Սելիմյան հացի» փիառի մեջ, այլ նաեւ շատ մասնագետներ: Մասնավորապես, մեր կողմից հարցված գինեկոլոգները, էնդոկրինոլոգները, արյունաբանները նշում են, որ պաթոլոգիաների առկայության դեպքում այս դեղորայքը նշանակում են հղի կանանց եւ երեխաներին: Իսկ բոլորին այն զանգվածային կերպով պարտադրելը վատ գաղափար են համարում՝ հաշվի առնելով ֆոլաթթվի ավելցուկի դեպքում հնարավոր հորմոնալ խանգարումները, եւ այլ լուրջ խնդիրները, որոնք կապված են երկաթի ավելցուկի հետ: Ի դեպ, մասնագետները պնդում են, որ երկաթի ավելցուկը շատ ավելի դժվար է բուժել, քան դրա դեֆիցիտը:

Այս նկատառումներին ԱՆ-ի ներկայացուցիչները պատասխանում են, որ պլանավորվում է հարստացնել ալյուրի 80 տոկոսը միայն, սակայն այստեղ եւս իր խոսքն է ասում կառավարության, դրա վերահսկիչ ինստիտուտների, ինչպես նաեւ խոշոր արտադրողների նկատմամբ վստահության իսպառ բացակայությունը: Իրավապաշտպանները, օրինակ, վախենում են, որ ոչ մեկ չի վերահսկի այս գործընթացը. եւ այդ 20 տոկոսը կմնա չհարստացված միայն փաթեթավորման վրա: Իսկ եթե անգամ հարստացվի ալյուրի 80 տոկոսը միայն, եւ այդ հացի համար մարդիկ ստիպված լինեն հեռավոր խանութներ հասնել, ապա դա արդեն իսկ ազատ ընտրության իրավունքի խախտում է: Իրավապաշտպանները մտավախություն են հայտնում նաեւ, որ հարստացման պրոցեդուրան կհանգեցնի հացի թանկացմանը:

Արժե արդյոք մեկնարկ տալ մի ծրագրի, որն այդքան «բայց» ունի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է