• Latest news

Բուժքույրը զուտ բժշկի օգնականը չէ, այլ ինքնուրույն մասնագետ. Բուժքույրերի առաջին ասիական գիտաժողով

26 սեպտեմբերի, 2015  13:35

Աշխարհի շատ երկրներում տարիներ շարունակ բուժքույրերը համարվել են ընդամենը բժիշկների օգնականներ, սակայն այսօր այդ մոտեցումը մնացել է անցյալում, ու հասարակությունը սկսել է հասկանալ, որ բուժքույրը ոչ թե պարզապես օգնական է, այլ ինքնուրույն մասնագետ: Այս մասին խոսեց Հայաստանի Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ողջունելով սեպտեմբերի 26-ին Երեւանում մեկնարկած Առաջին ասիական տարածաշրջանային գիտաժողովի մասնակիցներին:

Նախարարը նշեց, որ 21-րդ դարում բուժքույրերի աշխատանքի կարեւորությունը էլ ավելի պետք է շեշտվի: Բժշկությունն այսօր ձգտում է ուղեցույցային մոտեցումների, «թվայնացման» ու կարեւոր է, որ այդ միտումները չմթագնեն հիվանդների հետ աշխատանքի այն կարեւոր, մարդասիրական, «նուրբ» ասպեկտները, որոնք հիմնականում հենց բուժքույրերն են ապահովում: Բացի դրանից հասարակական շատ ծրագրերի հաջողությունը նույնպես կախված է բուժքույրերից ու հիվանդների հետ նրանց աշխատանքից:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Վարդուհի Ավետիսյանը՝ Սիգմա Տետա Տաու միջազգային բուժքույրական պատվավոր միության Կայ Դելտա մասնաճյուղի նախագահն ու կազմկոմիտեի անդամը, Առաջին ասիական տարածաշրջանային բուժքույրական գիտաժողովը կազմակերպվել է Երեւանի «Էրեբունի» հայ ամերիկյան բժշկական պետական վարժարանի, Սիգմա Տետա Տաու միջազգային բուժքույրական պատվավոր միության Կայ դելտա մասնաճյուղի եւ Սիգմա Տետա Տաու Միջազգային բուժքույրական պատվավոր միության ասիական տարածաշրջանային մասնաճյուղի համատեղ ջանքերով:

Կոնգրեսում, Վարդուհի Ավետիսյանի խոսքով, հավաքվել են Սիգմա Տետա Տաուի մասնաճյուղերի անդամները ՝ թե Հայաստանից, թե մի շարք այլ երկրներից ՝ մասնավորապես Հոնկոնգից, Ֆիլիպիններից, Սինգապուրից, Չինաստանից: Գիտաժողովին մասնակցելու են նաեւ Սիգմա Տետա Տաու միջազգային բուժքույրական պատվավոր միության նախագահ Հեսթեր Կլոպերը, միության գործադիր տնօրեն Պատրիսիա Թոմսոնը եւ շատ այլ կարեւոր հյուրեր: Գիտաժողովի ընթացքում մասնագետները քննարկելու են բուժքույրերի ուսուցանման, աշխատանքի ու պրակտիկայի ոլորտների արդիական խնդիրները ու փորձելու են գտնել դրանց լուծման ուղիները:

Վաղը, սեպտեմբերի 27-ին, սկսվելու է Հայաստանի երրորդ միջազգային բուժքույրական համագումարը, որին ասիական երկրներից եկած հյուրերից բացի միանալու են նաեւ Կանադայի, ԱՄՆ –ի, Իտալիայի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու շատ այլ երկրների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ գիտաժողովի կարգախոսն է «Գլոբալ բուժքույրական համագործակցությունը հանուն գլոբալ առողջության»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել