Քաղցկեղ հիվանդությունը կարող է լավ առիթ դառնալ սեփական կյանքը վերանայելու, վերաիմաստավորելու եւ կյանքը թունավորող կեղծ արժեքներից հրաժարվելու համար: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հայ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը:
Գյանջումյանը լսելով չէ, որ գիտե, թե ինչ է քաղցկեղը. 11 տարի առաջ նա ինքն է պայքարել այդ հիվանդության դեմ եւ հաղթել է: Նրա խոսքով, այդ ախտորոշումը մարդուն ստիպում է այլ կերպ նայել իր կյանքին, հասկանալ, որ գուցե ինչ-որ բան սխալ է արել: Դա հրաշալի հնարավորություն է կյանքում շատ բան փոխելու, շատ բան վերանայելու եւ վերագնահատելու եւ, գուցե, նոր կյանք սկսելու:
«Քաղցկեղն առիթ է վերաիմաստավորելու սեփական կյանքը, հրաժարվելու բոլոր կեղծ արժեքներից, որոնք տանջում են մեզ եւ թունավորում են մեր կյանքը», - նշել է Էդգար Գյանջումյանը:
Կոմպոզիտորը նաեւ նշել է քաղցկեղի դեմ պայքարում հոգեբանների օգնության կարեւորությունը: Այդ հիվանդությանը բախված մարդուն եւ նրա ընտանիքին հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ. նրանց հետ պիտի աշխատեն, նրանց պիտի հասցնեն այն միտքը, որ պետք է առաջ նայել, երբեք չհուսահատվել եւ հաղթանակի տրամադրվել: Հոգեբանները կարող են նաեւ հիվանդի հարազատներին սովորեցնել, թե իրենց ինչպես պահեն հիվանդի հետ, ինչպես ավելի ճիշտ խոսեն նրա հետ:
«Ամեն բարի ժպիտ, ամեն բարի խոսք արդեն օգնում է հիվանդին», - նշել է Էդգար Գյանջումյանը:
Հիվանդներին նա հետեւյալ խորհուրդն է տվել. «Հավատացեք, որ կհաղթեք եւ կկարողանաք հաղթահարել բոլոր խնդիրները»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր