Բրազիլիայի կաթոլիկ եկեղեցին կանանց կտրականապես արգելում է ընդհատել հղիությունը եւ հղիությունից պաշտպանվել, չնայած նույնիսկ երկրում մոլեգնող Զիկա վիրուսին, որը սպառնում է հղի կանանց եւ նրանց երեխաների առողջությանը:
Վերապատվելի Լուչանո Բրիտոն, որը Օլինդայի եւ Ռեսիֆիի կաթոլիկական թեմի ներկայացուցիչն է, պնդում է, որ Զիկա վիրուսը բոլորովին էլ առիթ չէ հակաբեղմնավորիչների դիմելու:
«Ոչինչ չի կարող արդարացնել հղիության ընդհատումը: Միայն այն, որ պտուղը կարող է միկրոցեֆալիա ունենալ, չի կարող մեզ ստիպել փոխելու կանոնները», - ասել է նա:
Բրազիլիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների կարծիքով, հակաբեղմնավորման միակ ընդունելի մեթոդն այսպես կոչված «բնականն» է, այսինքն ընտանիքի պլանավորման օրացուցային մեթոդը, որի համաձայն առաջարկվում է սեռական հարաբերություն ունենալ այն օրերին, երբ բեղմնավորման հավանականությունը ցածր է: Այդ մեթոդի արդյունավետությունն ընդամենը 25 տոկոս է:
Վերապատվելի հայր Ֆրենկ Պավոնեն` աբորտների դեմ հանդես եկող Priests for Life խմբի ղեկավարներից մեկը, եւս նշել է, որ կաթոլիկները չպետք է Զիկա վիրուսի պատճառով պաշտպանվեն հղիությունից:
«Այդ արգելքը չի կարող փոփոխվել հանգամանքների պատճառով: Զույգերը պիտի ապրեն եկեղեցու ուսմունքի համաձայն, անկախ այն բանից, թե ինչ հանգամանքներում են հայտնվում», - ասել է նա:
Մի շարք այլ երկրներում կանանց խորհուրդ են տալիս մինչեւ 2018 թվականը զերծ մնալ սեռական հարաբերություն ունենալուց` նվազեցնելու միկրոցեֆալիայով տառապող երեխաներ ունենալու ռիսկը:
Շատ հասարակական ակտիվիստներ խստորեն քննադատում են նման հանձնարարականները եւ պնդում, որ կանանց պիտի լիովին հասանելի լինեն հակաբեղմնավորման ժամանակակից միջոցները, ինչպես նաեւ աբորտ կատարելու իրավունքը:
Հետաքրքիր է, որ Վատիկանը զերծ է մնացել այդ թեմայով մեկնաբանություններից:
Հիշեցնենք, որ Զիկա վիրուսը նորածինների մոտ միկրոցեֆալիայի է հանգեցնում, այն է` գանգի եւ ուղեղի չափերի նվազման: Անցյալ տարի այն առաջին անգամ ախտորոշել էին Բրազիլիայում, իսկ այժմ այն տարածվում է ամբողջ Լատինական Ամերիկայով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր