Բնական ծննդաբերության ընթացքում կնոջ ծնուղիների միկրոօրգանիզմները տեղափոխվում են երեխայի օրգանիզմ: Համարվում է, որ այդ մանրէները դրականորեն են ազդում նրա առողջության վրա եւ պաշտպանում են մի շարք խնդիրներից եւ հիվանդություններից: Կեսարյան հատման հետեւանքով ծնված երեխաների օրգանիզմը նման միկրոօրգանիզմներ չի ստանում եւ կարծիք կա, որ նման երեխաների մոտ մեծ է ճարպակալման, դիաբետի, ասթմայի եւ ալերգիայի ռիսկը:
Մարիա Գլորիա Դոմինգես-Բելլոն Նյու Յորքի համալսարանից մեթոդ է մշակել, որը կեսարյան հատման հետեւանքով լույս աշխարհ եկած նորածիններին տալիս է մայրական միկրոօրգանիզմների անհրաժեշտ «չափաքանակը»: Մեթոդը փորձարկել են 18 նորածնի մասնակցությամբ հետազոտության ընթացքում, որոնցից յոթը բնական եղանակով էին ծնվել, իսկ 11-ը` կեսարյանի:
Վիրահատության արդյունքում լույս աշխարհ եկած չորս երեխայի 15 վայրկյան շարունակ սրբում էին այն մառլյայով, որը վիրահատական միջամտությունից մեկ ժամ առաջ տեղադրել էին ապագա մոր հեշտոցում: Կեսարյան հատումից առաջ մառլյան հանում էին եւ տեղափոխում մանրէազերծ տարայի մեջ, որտեղ այն պահվում էր մինչեւ երեխայի ծնունդը: Վիրահատությունից հետո այդ մառլյայով սրբում էին երեխայի ամբողջ մարմինը` ներառյալ շրթունքներն ու դեմքը:
Հետո գիտնականներն անալիզի էին ենթարկում միկրոկենսաբանական նմուշները, որոնք նորածիններից վերցվել էին ծննդից անմիջապես հետո եւ մեկ ամիս անց, դրանք համեմատելով այն նմուշների հետ, որ վերցվել էին մոր հեշտոցից: Այն երեխաների մոտ, որոնք «սրբման» գործընթաց էին անցել, մանրէական կազմը նման էր մայրականին: Գիտնականները ենթադրում են, որ դա օրգանիզմին կօգնի ավելի հեշտորեն ճանաչել հիվանդածին միկրոօրգանիզմները եւ արդյունավետորեն պայքարել դրանց դեմ:
Գիտնականները նախատեսել են շարունակել իրենց հետազոտությունները` փորձարկումը կրկնելով մեծ քանակությամբ երեխաների հետ: Հետազոտությանը մասնակցած երեխաներին կհետեւեն մեկ տարի շարունակ` հասկանալու, թե այդ գործընթացն ինչպես է ազդել նրանց առողջության վրա:
Հետազոտության մասին տեղեկացնում է Nature Medicine ամսագիրը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր