Մելիայի տերեւների զտուկը դանդաղեցնում է ենթաստամոքսային քաղցկեղի զարգացումը եւ կարող է դրա բուժման արդյունավետ միջոց դառնալ: Այդ մասին տեղեկացնում է Թեքսասի Tech University Health Sciences Center El Pas-ի գիտնականների մի խումբ` Ռաջկումար Լակշմանասվամայի գլխավորությամբ: Այդ բացահայտումը շատ կարեւոր է, որովհետեւ այսօրվա դրությամբ քաղցկեղի այդ տեսակի բուժման արդյունավետ միջոց չկա:
Մելիան ծառ է, որը տարածված է եւ աճեցվում է արեւադարձային եւ մերձարեւադարձային անտառներում: Նրա տերեւներն ու ծաղիկները նիմբոլիդ են պարունակում` նյութ, որը գիտնականների խոսքով հակաուռուցքային ազդեցություն ունի:
Գիտնականները նիմբոլիդի ազդեցությունը փորձարկել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջների, ինչպես նաեւ մկների վրա: Պարզվել է, որ նիմբոլիդն ընտրովի ազդում է միայն ուռուցքային բջիջների վրա` ոչ մի կերպ չազդելով առողջ հյուսվածքների վրա: Այն ուժեղացնում է թթվածնի ռեակտիվ ձեւերի արտադրությունը, որոնք մասնակցում են ապոպտոզի եւ աուտոֆագիայի կարգավորմանը: Նյութի ներարկումը դանդաղեցնում է մետաստազների առաջացման գործընթացը: Ավելին, ուռուցքային բջիջների չափը եւ թիվը կրճատվում է 80 տոկոսով, իսկ տեղափոխման եւ տարածման նրանց կարողությունը` 70 տոկոսով:
Գիտնականները նաեւ նշել են, որ ենթաստամոքսային գեղձի բուժման համար նոր արդյունավետ դեղամիջոցի մշակումը կարող է օգնել այն հիվանդներին, որոնց դեպքում արդեն անհնար է վիրաբուժական միջամտություն իրականացնել: Իմիջիայլոց, հեղինակներն ընդգծում են, որ առայժմ վաղ է խոսել ուռուցքաբանության մեջ նիմբոլիդի օգտագործման մասին:
Այդ հետազոտության մասին հաղորդում է Scientific Reports ամսագիրը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր